շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչպես կանխել Pegasus–ով վարակումները. մասնագետները տարբերակներ են առաջարկում

Ինչպես կանխել Pegasus–ով վարակումները. մասնագետները տարբերակներ են առաջարկում

Հայաստանում Pegasus իսրայելական լրտեսական ծրագրով բազմաթիվ քաղաքացիների հեռախոսների վրա հարձակումների թիվն աճել է, և մասնագետները տարբերակներ են առաջարկում, թե ինչ անել վարակումները կանխելու համար։
 
Նշենք, որ Apple ընկերությունը հոկտեմբերի 30-ին կրկին ահազանգել է իր օգտատերերի դեմ հարձակումների մասին և նոր թարմացում տարածել։
Մամուլի ասուլիսի ժամանակ CyberHUB-AM ընկերության համահիմնադիր Արթուր Պապյանը հայտարարեց, որ Iphone օգտագործող քաղաքացիները կարող են ուղղակի թարմացնել, վերբեռնել հեռախոսը (restart) և այն ավտոմատ կերպով կվերանա։
 
Մասնագետը շեշտեց, որ Apple–ը` որպես ավելի կենտրոնացված ընկերություն, որոշակի դիագնոստիկ տեղեկություններ է ստանում իր հեռախոսներից։ Նրա խոսքով` ի հակադրություն դրան, Google-ը, որն «անդրոիդ» օպերացիոն համակարգի ստեղծողն է, այդ աստիճանի վերահսկողություն չունի։ Մասնագետը շեշտեց` եթե «անդրոիդ» օգտագործողները Pegasus–ով լրտեսման վերաբերյալ ծանուցում չեն ստացել, ապա դա չի նշանակում, որ պետք չէ անհանգստանալ։
 
«Այդ օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած հեռախոս կարող է վարակված լինել և անձը չիմանա այդ մասին, իսկ այդ ընթացքում իր հեռախոսից տվյալներ կգողացվեն։ Iphone-ների դեպքում, երբ անհրաժեշտ է լինում հեռախոսը վերբեռնել (restart), ծրագիրն ավտոմատ վերանում է։ Ստացվում է այնպես, որ այն անձանց հեռախոսները, որոնք գուցե արժեքավոր ինֆորմացիայի են տիրապետում, մի քանի անգամ են վարակում։ Apple–ը նաև անհրաժեշտության դեպքում անվտանգության update է (թարմացում) թողարկում, որպեսզի անձինք խուսափեն կրկնավարակից։
 
iOS օպերացիոն համակարգից օգտվողները նաև պետք է ակտիվացնեն lockdown mode–ը, որպեսզի կանխեն հեռախոսից տվյալների արտահոսքը»,– ասաց Պապյանը։
 
Նա ընդգծեց` խոսքը ոչ միայն Հայաստանի բնակիչներին է վերաբերում, այլև Արցախի` սկսած ուժային կառույցների ղեկավարներից, բարձրաստիճան պաշտոնյաներից, զինված ուժերի ներկայացուցիչներից մինչև տարբեր քաղաքական գործիչներ։
 
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ Apple ընկերությունն ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունները և դրանց հիման վրա պարբերաբար ծանուցումներ է ուղարկում, որ այս կամ այն մարդու հեռախոսը թիրախավորվել է պետությանը սպասարկող հաքերային թիմի կողմից։
 
 

  • Կիսվել: