Իմ տպավորությամբ փոքր և միջին բիզնեսի միջին հարկային ծանրաբեռնվածությունը բարձր չէ․ վարչապետ
Փոքր և միջին բիզնեսի համար հարկային բեռը գործող կարգավորումների շրջանակում բարձր չէ, և հիմնական խնդիրն ավելի շատ առևտրի ծավալների մեջ է։
Վարչապետի՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում վարագույրների վաճառքով զբաղվող փոքր բիզնեսի ներկայացուցիչը բողոքել է, որ հարկերը բարձր են, իսկ առևտուրը՝ քիչ։
Վարչապետը պատասխանեց, որ իր տպավորությամբ փոքր և միջին բիզնեսի միջին հարկային ծանրաբեռնվածությունը բարձր չէ, եթե օգտվում են օրենքով նախատեսված հնարավորություններից։
«Իմ տպավորությամբ այդքան էլ շատ չէ, եթե դուք օրենքի տված հնարավորություններից օգտվում եք»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ծախսերի հաշվառման միջոցով հարկային բեռը կարող է նվազեցվել։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելեց, որ բիզնեսի ծախսերը՝ ներառյալ վարձակալությունը և կոմունալ վճարները, կարող են ներառվել հաշվարկներում և նվազեցնել հարկային պարտավորությունները։
Քաղաքացին, սակայն, պնդեց, որ նույնիսկ այդ պարագայում հարկային բեռը մեծ է՝ հաշվի առնելով ցածր առևտրաշրջանառությունը և բարձր ծախսերը։
Փաշինյանը պարզաբանեց, որ հարկը հաշվարկվում է շրջանառությունից և համեմատաբար փոքր մասն է կազմում ընդհանուր եկամուտների մեջ։
«100 հազար դրամի առևտուր եք արել և 1500 դրամ պետք է վճարեք, դա շա՞տ է»,- ասաց նա։
Վարչապետը նշեց նաև, որ բիզնեսի շահութաբերությունը պետք է դիտարկել ընդհանուր եկամուտների համատեքստում՝ ընդգծելով, որ նման մակարդակի շահույթը միջազգային չափանիշներով համարվում է գերազանց։
«Աշխարհում 20 տոկոսանոց շահույթ տվող բիզնեսը համարվում է հոյակապ բիզնես»,- ասաց Փաշինյանը։
Միաժամանակ Փաշինյանը համաձայնեց, որ առևտրի ցածր ծավալները խնդիր են և նշեց, որ Կառավարությունը պետք է մտածի այդ ուղղությամբ քայլերի մասին։
«Կմտածենք ինչ անենք, որ ձեր առևտուրը շատանա»,- նշեց վարչապետը։
Նա հավելեց, որ հարկերից ձևավորվող պետական եկամուտները ուղղվում են սոցիալական և հանրային ծառայությունների ապահովմանը՝ ընդգծելով, որ 2017 թվականից ի վեր պետական բյուջեի եկամուտները աճել են 135 տոկոսով։


