Հիմա էլ չասեն՝ գյուղերի տները սարքեցին միլիոններ. Փաշինյան
Եթե որեւէ ճանապարհ ասֆլտապատում ենք կամ սալարկում ենք, այդ ճանապարհի վրա գտնվող բոլոր տների գները բարձրանում են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ասում ենք՝ բյուջեից ծախսվող գումարը ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեի մաս է… մարդն իր տանը նստած, իր կյանքում ոչմի բան տեղի չի ունենում, իր տան գինը, իր կապիտալն աճում է: Ինչքան է աճում, ես չեմ կարող ասել: Ասենք, տունն արժե 500 հազար, բայց ճանապարհի նորոգման արդյունքում դառնում է 510, 520, 530 հազար: Բայց որ աճում է, դա ակնհայտ է:
Ջրագիծ է կառուցվում, գյուղի բոլոր տների գներն աճում է: Մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի բոլոր տների, հողամասերի, ամեն ինչի գներն աճում է: Մարդկանց պետք է ասենք՝ այսդ ամենը ոնց է աշխատում, մարդը չգիտի սա:
Հա, մարդը նայում է՝ ցեխով էի գնում, հիմա ցեխով չեմ գնում, լավ է երևի, բայց մենակ դա չի: Առաջ 500,000-անոց տուն էր, պայմանական թիվ եմ ասում, որ չասեն, որ հիմա գյուղերի տների գներն էլ սարքեցին միլիոններ, հիմա առանց որևէ լրացուցիչ ներդրում անելու, 550,000 դրամանոց տանն եք ապրում: Այս գումարը, որ բյուջեով հետ է գնում, ուղիղ մտնում է այդ մարդու գրպանը»,-ասաց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է. Մարդ չկա Հայաստանում, որ ասի՝ չէ այդպես չի: Ես կապացուցեմ, որ իր ընտանեկան բյուջեի մաս է: Կապ ունի, թե կոշիկդ ինչքան է մաշվում այն ճանապարհով և այն ճանապարհով, և դու ինչքան հաճախակությամբ ես ստիպված առնել կամ չառնել կոշիկ, մեքենայի անվադող, ինչքան հաճախ ես ստիպված փոսերով ճանապարհ օգտագործելու պարագայում մեքենադ նորոգել: Ընդ որում կապ չունի՝ արհեստավորի մոտ ես նորոգում, թե սեփական ուժերով ես նորոգում, որովհետև այնուամենայնիվ ինչ-որ մի մաս պետք է ձեռք բերես, և այնուամենայնիվ քո արած աշխատանքն էլ գին ունի»,- հայտարարեց վարչապետը: