շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ՊԵԿ-ը 2023-ին գերակատարել է նախատեսված ցուցանիշները

ՀՀ ՊԵԿ-ը 2023-ին գերակատարել է նախատեսված ցուցանիշները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին գերակատարել է նախատեսված ցուցանիշները։ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հարկային եկամուտների և պետական տուրքի գծով նախատեսվել էր 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, սակայն փաստացի ՊԵԿ-ի կողմից կատարվել է շուրջ 2 տրիլիոն 222 միլիարդ դրամ։ Գերակատարումը կազմել է շուրջ 18 միլիարդ դրամ: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրեց, որ նշված ցուցանիշը գերազանցում է 2022թ. փաստացի կատարողականը շուրջ 296 միլիարդ դրամով կամ 15.4 տոկոսով։

2023 թվականի ընթացքում մաքսային մարմինն ապահովել է շուրջ 529 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, որը գերազանցում է  2022 թվականի փաստացի կատարողականը 128 միլիարդ դրամով կամ շուրջ 32 տոկոսով: Ըստ հարկատեսակների մաքսային մարմնի գանձումները ԱԱՀ-ի գծով 27 տոկոսով ավելի է եղել, քան 2022 թվականին, Ակցիզային հարկի գծով՝ ավելի է եղել 29 տոկոսով։

«Մաքսային մարմինը եկամուտները գանձում է ներմուծվող ապրանքներից, ընդ որում՝ 3-րդ երկրներից։ Ասեմ, որ 3-րդ երկրից ներմուծվող ապրանքների քանակն աճել է։ Բնականաբար, դրան զուգահեռ ավելացել են նաև գանձվող գումարները»,-ասաց Կարեն Թամազյանը։

ՀՀ-ի կողմից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե,  այնտեղից ՀՀ-ի համամասնությանը համապատասխան որոշակի գումար փոխանցվում է ՀՀ բյուջե։ 2023 թվականի ընթացքում գանձվել է ու ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցվել է 187.5 մլրդ դրամ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ բյուջեից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ, այսինքն` ՀՀ-ի գանձված գումարից 114.5 մլրդ դրամով պակաս:

Մաքսային գանձումներն ըստ ապրանքատեսակների ներկայացնելով՝ Կարեն Թամազյանը տեղեկացրեց, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատ մաքսային ցուցանիշների աճը գրանցվել է տրանսպորտի ներմուծման գծով, որին հաջորդում են ծխախոտային արտադրատեսակները, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, վառելիքային ապրանքները, կենցաղային և համակարգչային տեխնիկան։

 

  • Կիսվել: