ՀՀ–ն ուզում է ԵԱՏՄ–ի հետ գործակցել` լուծելու լոգիստիկ խնդիրները. էկոնոմիկայի փոխնախարար
2024 թ. հունվար–օգոստոսին ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ–ի ապրանքաշրջանառությունը աճել է 7.3 տոկոսով։ Այդ մասին Երևանում ԵԱՏՄ 3–րդ համաժողովի պանելային քննարկումներից մեկի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Նման աճ նկատվել է նաև նախորդ տարիներին, սակայն մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքներն այդ առումով մի փոքր հետ են մնում»,– ընդգծեց նա։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ հիմա ՀՀ կառավարությունը ունի երկու պետական ծրագիր, որոնք հնարավորություն են տալիս ստեղծելու լոգիստիկ կենտրոններ։
Խոջոյանի խոսքով` ծրագրերից մեկի արժեքը 5 մլն դոլար է, որից կառավարությունը սուբսիդավորում է ՀՀ դրամով` 10 տոկոսի չափով, դոլարով` 6 տոկոսի չափով։
«Սա լիզինգային ծրագիր է, որի նպատակն է ձեռք բերել կամ կառուցել գյուղատնտեսական պահեստներ, ձեռք բերել սառցարաններ, վերամշակման և լոգիստիկ կենտրոնների սարքավորումներ»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է 2–րդ ծրագրին, ապա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ դրա միջոցով ՀՀ կառավարությունն ուզում է բեռնափոխադրումների համար գնել տրանսպորտային միջոցներ։
Խոջոյանը նշեց, որ այս քննարկումից հետո կցանկանար այս հարցերի շուրջ ավելի մանրամասն խոսել համաժողովի մասնակիցների հետ։
«Լոգիստիկ այս հարցերով ՀՀ–ն մի փոքր հետ է մնում, այսինքն այն մակարդակի վրա չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել։ Այդ առումով ես ուզում եմ հասկանալ` եթե ԵԱՏՄ–ի հետ կա՞ն համագործակցության ինչ–որ տարբերակներ։ Սա այն բնագավառն է, որի շուրջ մենք կարող ենք կառուցել մեր համագործակցությունը»,– վստահեցրեց Խոջոյանը։
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա նրա խոսքով` ՀՀ–ն մեծ ներդրումներ է կատարում ճանապարհների կապիտալ վերանորոգման վրա։ Միայն 2024 թվականին այդ նպատակով հատկացումները կազմել են 50 մլն դոլար, իսկ 15 մլն դոլար հատկացվել է տեխնիկական շտկումների համար։
«Եթե դուք այցելեք ՀՀ մարզեր, ապա կտեսնեք, որ ճանապարհներն արդեն իսկ կա՛մ գտնվում են շատ լավ վիճակում, կա՛մ վերանորգման աշխատանքների ընթացքի մեջ են»,– վստահեցրեց փոխնախարարը։
Ըստ նրա` այս գործընթանցներն արագացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՏՄ–ի հետ մաքսային ձևակերպումներն ու տեղեկանքների մեկ միասնական համակարգի նեդրման գործընթացն ավելի արագացվեն։