հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՀՀ-ի կենսունակությունը կախված է ոչ թե ձեր հնչեցրած հարցերից, այլ՝ տնտեսությունից. Պապոյանը՝ լրագրողներին

ՀՀ-ի կենսունակությունը կախված է ոչ թե ձեր հնչեցրած հարցերից, այլ՝ տնտեսությունից. Պապոյանը՝ լրագրողներին

Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչ երեկ հանրապետության վարչապետը նշեց, այդ հարցի շուրջ իմ մեկնաբանություններն ուղիղ այնպիսին են, ինչպիսին երեկ վարչապետն է ասել: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշված Մեղրիի ճանապարհի ռուսական ԱԴԺ-ի կողմից վերահսկողության մասին դրույթը։

Պապոյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե խաղաղության պայմանագրի 17 կետերից ո՞ր մեկն է հանվել, քանի որ Փաշինյանը նախորդ օրը խորհրդարանում հայտարարել է, որ քննարկվող  փաստաթղթում կետերը 16-ն են. «Նշվեց, որ նախկինում եղել է 17 կետ, իսկ վարչապետի առաջարկը 16 կետին է վերաբերում»,-ասաց նախարարը:

Հարցին, թե ինչ էր նշանակում Փաշինյանի այն մեկնաբանությունը, որ ռուսական կողմը գետնի վրա չի վերահսկելու Մեղրիով անցնող ուղին՝ Պապոյանն ասաց. «ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ ասվածն ամբողջական էր և նոր մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում և չեմ տա»։

Նախարարը հայտնեց, որ շատ կարևոր միջոցառման է շտապում. «Հիմա պետք է մասնակցեմ քննարկման, որը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանում գինու 8-րդ համաժողովն է անցկացվելու և Հայաստան են եկել 20 երկրների 120 մասնակիցներ, որոնք գինու մասնագետներ են։ Նաև այս միջոցառման շնորհիվ է, որ ուզում ենք ՀՀ-ում գինու տուրիզմը զարգացնել։ ՀՀ-ի կենսունակությունը կախված է ոչ թե ձեր հնչեցրած հարցերից, այլ՝ տնտեսությունից»:

  • Կիսվել: