ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող հիմնական առաջնահերթությունները

ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող հիմնական առաջնահերթությունները

Առցանց ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի առաջին նիստը։

Հայաստանի Հանրապետության կողմից նիստը նախագահել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը,  Եվրոպական միության կողմից՝ Մաքսային միության և հարկային հարցերով գլխավոր տնօրինության առևտրի դյուրացման, ծագման կանոնների և միջազգային համակարգման բաժնի ղեկավար Ֆերնանդո Պեռո դե Պիննիկը։

Նիստին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,  Համաշխարհային մաքսային կազմակերպությունում և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտին առնչվող առաջնահերթություններին, որոնց շրջանակներում ներկայացվել են նախանշված հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության մաքսային օրենսգրքերի նոր խմբագրությունները: 

Նիստի ընթացքում անդրադադարձ է կատարվել Եվրոպական միության շրջանակներում մաքսային վարչարարության կիրառման պրակտիկային, այդ թվում՝ իրավական լուծումների մոտարկման համատեքստում։  

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

  • Կիսվել: