կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
ՀՀ առողջապահության նախարարը սփյուռքի գործընկերների հետ համագործակցության դրական տեղաշարժ է տեսնում

ՀՀ առողջապահության նախարարը սփյուռքի գործընկերների հետ համագործակցության դրական տեղաշարժ է տեսնում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված քննարկումները, որովհետև տեսնում է առողջապահության ոլորտում սփյուռքահայ բժիշկների, բարերարների համագործակցության մեջ դրական տեղաշարժն ու ռազմավարական մոտեցումը, ինչը նախարարության կարևոր ուղենիշերից է։

Սեպտեմբերի 19-ին գագաթնաժողովի ընթացքում նախարարը շեշտեց՝ տարին մի կողմից շարունակեց մնալ որպես ճգնաժամային կառավարման և վրա հասած մարտահրավերներին արձագանքելու տարի, իսկ մյուս կողմից՝  կարևորագույն  համակարգային փոփոխությունների տարի։

«Այսօր մեկ տարին է լրանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների կարիքների՝ մեր կողմից հասցեագրումից։ Պետք է փաստել՝ պետության դիմակայությունը և ինստիտուտների փոխգործակցությունն ու միասնական աշխատանքը մեզ հնարավորություն տվեցին այդ ծանրագույն շրջանում հասցեագրել մեր հայրենակիցների առողջապահական, կրթական, սոցիալական,  բնակարանային կարիքները»,-նշեց նախարարը։

Խոսելով առողջապահական համակարգում այն կարևորագույն ուղղությունների մասին, որոնց շուրջ շարունակում են աշխատել՝ նա ասաց՝ իհարկե ցանկանում են հեղափոխական, արագ և հրատապ արդյունքներ գրանցող փոփոխություններ իրականացնել, սակայն փոփոխությունները հետևողականության և տարեցտարի աշխատանքի արդյունք են։

«Նախարարությունը շարունակում է աշխատել ՀՀ կառավարության ծրագրով հիսուն առողջապահական կազմակերպության  վերակառուցման, կառուցման, վերազինման ուղղությամբ։ Ունենք ամբուլատորիաների կոնցեպտուալ նոր նախագիծ և առաջիկայում պատրաստվում ենք հիսուն ամբուլատորիա կառուցել»,-նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ Սփյուռքի ներուժը ամբուլատորիաների կառուցման գործում շատ կարևոր կլինի։ «Վերջին մեկ տարում բացել ենք մարզային խոշոր բժշկական կենտրոն Վայոց ձորում և Մարտունիում, որոնք փոխում են մարզերի առողջապահական ամբողջ դիմանկարը։  Երկրորդ ուղղությունը մարդկային ներուժի զարգացումն է։ Այն շարունակում է մեզ համար առաջնահերթ լինել։ Մենք հաջողությամբ ներդրեցինք հավաստագրման պահանջը։ Մեր բժիշկները, ինչպես ընդունված է զարգացած աշխարհում,  պետք է հինգ տարվա ընթացքում թարմացնեն իրենց գիտելիքները, մշտապես մասնակցեն կրթական, ինքնազարգացման, գիտական գործընթացներին։ Այս տարի նաև ընդունվեց լիցենզավորման մասին օրենքը, որով հաջորդ տարվանից կսկսենք նաև բժիշկների լիցենզավորման գործընթացը։ Սա անկյունաքարային փոփոխություն է, որովհետև լիցենզավորումն է, որ  ապահովում է մեր մասնագետների  աշխատանքին պատրաստ լինելու հավաստիացումը»,-ավելացրեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը մեծ նշանակություն է տալիս նաև առողջապահական ծառայությունների որակին և հասանելիությանը։ 

«Որակի մասով մեծ աշխատանք ենք տարել։ Նաև տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների աջակցությամբ ներդնելու ենք հստակ ցուցիչներ։ Առաջիկայում պետք է աշխատենք, որ դրանք ներդրվեն և դրանց հետ կապված մոնիտորինգը պատշաճ իրականացվի, ինչի արդյունքում միայն որակի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնները կկարողանան սպասարկել մեր քաղաքացիներին և անընդհատ բարելավման ցիկլում կլինեն։ Իսկ հասանելիության մասով մեծացել է պետական պատվերով  փոխհատուցվող ծառայությունների ծավալը, շրջանակը, շահառուների խումբը։ Հիվանդանոցային և դժվարամատչելի ծառայությունների մասով առաջընթաց կա։ Նախորդ յոթ ամսվա տվյալներով՝ 300 հազարից ավելի դեպք ենք սպասարկել։ Մենք հասկանում ենք, որ թե՛ նոր դրվող ծրագրերը, թե՛ շահառուների ընդլայնման շրջանակը կարևոր ընթացք են, բայց աշխատող համակարգ ունենալու մեր պատկերացումներն ամբողջանում են ապահովագրական համակարգով,  որի ներդրման ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են»,-եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։

 

  • Կիսվել: