ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն արդարացրել է իշխող կուսակցության ներկայացուցիչների նշանակումները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում փորձել է պարզաբանել, թե ինչու են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվելուց հետո, պաշտոններ ստացել ՀԷՑ-ում։
Պաշտոնյան, մասնավորապես, նշել է, որ այդ անձինք իր ներկայացրած թիմի անդամներն են։ «Նրանք ունենք կառավարչական փորձ, նրանց հանդեպ կա վստահություն և ոչինչ չէր խանգարում նրանց նշանակել համապատասխան պաշտոններում»,- պարզաբանել է Պետրոսյանը։
Խոսքը, մասնավորապես, Գյումրու քաղաքապետի նախկին պաշտոնակատար Սարիկ Մինասյանի մասին է, ով վերջերս գլխավորել է ՀԷՑ-ի «Շիրակ» տարածքային ստորաբաժանումը, և Լյուդվիգ Գյուլնազարյանի, ով նշանակվել է ընկերության «Էջմիածին» մասնաճյուղի տնօրեն։ Երկուսն էլ անցյալ տարի կայացած ընտրություններում պարտվել են ընդդիմադիր թեկնածուներին։
Ըստ ժամանակավոր կառավարչի, նշված անձինք զբաղեցնում են հայեցողական պաշտոններ: «Նրանք զբաղվում են կառավարմամբ: Հիմա պատասխանատու կերպով ասեմ , որ տեխնիկական տնօրինությունը՝ սկսած տնօրենից, գլխավոր տեխնիկական տնօրենից, իր տեղակալներից և մինչև իսկ մասնաճյուղերի ու մի քանի տասնյակ էլեկտրացանցերի գլխավոր ինժեներներից, 90%-ով նույն կադրերն են մնացել», - ասել է Պետրոսյանը։
Պաշտոնյան նշել է, որ խոսքը թե՛ տեխնիկական տնօրենների ու նրանց տեղակալների, և թե՛ գլխավոր ինժեներների մասին է։ «Նրանց ոչ ոք չի ազատել աշխատանքից»,- հավաստիացրել է Ռոմանոս Պետրոսյանը։


