ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը ներառվել էՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում

Հայաստանը ներառվել էՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ներկայացրել են ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաեւ Հայաստանը:

Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը եւ ՏՀԶԿ Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը։

«Նշանակալի է այն հանգամանքը, որ Հայաստանն, ներառվելով այս ինդեքսում, ի սկզբանե զբաղեցրել է բավականին բարձր դիրք՝ հայտնվելով առաջին տասնյակում,   ինչը վկայում է այն մասին, որ առկա սահմանափակումները ՕՈՒՆ նկատմամբ մեծաքանակ չեն եւ Հայաստանի ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է», - ավելացրել է էկոնոմիկայի փոխնախարարը։ 

ՏՀԶԿ ՕՈՒՆ կարգավորումների սահմանափակման ինդեքսում ներկայումս ներառված են ՏՀԶԿ բոլոր անդամ երկրները եւ մոտ երեք տասնյակ ոչ անդամ երկրներ՝ ներառյալ G20 անդամները:

Ինդեքսը գնահատում է երկրի սահմանափակումների մակարդակը երկրի օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում, այն ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն եւ հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական եւ մասնագիտական ծառայություններ:

Աշխատաժողովի ընթացքում ՏՀԶԿ Ներդրումային քաղաքականության վերանայման ղեկավար Ստեֆեն Թոմսենը ներկայացրել է Հայաստանի` ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի արդյունքները, խոսել ներդրումային միջավայրի բարելավման եւ հեռանկարների մասին եւ պատասխանել աշխատաժողովի մասնակիցների հարցերին։

Աշխատաժողովին մասնակցել են պետական շահագրգիռ կառույցների, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: