Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն. Պարույր Հովհաննիսյան
«Վայրի բնության ապօրինի առևտրի և շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող այլ հանցագործությունների կանխարգելում և պայքար» թեմայով ՄԱԿ ԳԱ բարձր մակարդակի քննարկմանը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ շրջակա միջավայրի արդյունավետ պահպանությունը պահանջում է ամուր քրեական արդարադատության համակարգեր և օրենսդրական հիմքեր, արդյունավետ իրավապահ համակարգ և միջազգային համագործակցության խորացում, ինչպես նաև տեղական համայնքների և այլ շահագրգիռ կողմերի բովանդակային ներգրավում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) հյուրընկալող երկիր՝ Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն՝ կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածությունն առավել ամրապնդելու համար։
Այս նպատակի առաջմղման նպատակով Հայաստանը սեպտեմբերին Աբու Դաբիում կայանալիք ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում կկազմակերպի հարակից միջոցառում՝ «Շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ քրեական արդարադատության արձագանքների ամրապնդումը՝ ի աջակցություն Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» խորագրով։ Միջոցառումը կներկայացնի քրեական արդարադատության հաստատությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում և կընդգծի իրավապահ մարմինների, դատախազությունների, բնապահպանական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև առավել սերտ համագործակցության կարևորությունը։



