Հայաստանում տվյալները ավանդական սերվերների փոխարեն կպահվեն ամպային տիրույթում. Սա կնվազեցնի ծախսերը
Կառավարությունն իր այսօրվա նիստում «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին որոշում կայացրեց:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ` Ռուբեն Սիմոնյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների եւ տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ: Դա կապահովի պահուստավորման եւ վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար: Սա նպաստելու է նաեւ ՀՀ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացման եւ անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը:
Նախագծով առաջարկվում է, որ սկզբնական փուլում ամպային տիրույթում են տեղադրվելու այն տվյալներն ու տեղեկատվությունը, որոնք չեն հանդիսանա պետական գաղտնիք եւ կհամարվեն ցածր ռիսկայնության»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, տվյալների դասակարգումը նպաստելու է, որ կառավարությունը կարողանա գնահատել տվյալների առկա պաշարն ու կառուցվածքը, նույնականացնել տվյալների պաշտպանության մոտեցումները. «Իսկ ամպային եւ ոչ ամպային լուծումների կիրառության շուրջ որոշումների կայացումը պայմանավորված է լինելու տվյալների դասակարգման ընտրված մեթոդաբանությամբ, որի հիմքում երեք հիմնարար սկզբունքներ են՝ տվյալների գաղտնիություն, ամբողջականություն եւ հասանելիություն:
Նախագծով առաջարկվում է, որ հանրային իշխանության մարմինները իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, ցածր ռիսկայնության տեղեկությունը տեղադրեն ամպային տիրույթում, որոշակի ժամկետով պահպանեն գործող սերվերային համակարգերը որպես հիմնական տարբերակ, ՀՀ-ում պահպանեն դրա պահուստային տարբերակը՝ նվազագույն սերվերային ենթակառուցվածքների ներգրավմամբ, ձեռնպահ մնան պետական կառավարման համակարգերի տվյալների եւ տեղեկատվության պահպանման նպատակով առանձին սերվեր ձեռք բերելու գործընթաց նախաձեռնելուց, նոր թվային ծառայություն գործարկելիս նախապատվությունը տալ պատրաստի լուծումներին»,- ընդգծեց նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ հայտարարում են, որ ՀՀ-ն որդեգրում է «Cloud first Policy», այսինքն ամպային առաջինը քաղաքականություն:
«Սա նշանակում է, որ մենք մեր պետական տվյալները պետք է պահենք վիրտուալ տիրույթում: Եթե չունենք շատ հստակ ու հասկանալի հիմնավորում, թե ինչու այդ տվյալը չպետք է պահենք վիրտուալ տարածքում, այդ տվյալը մենք չենք պահելու ֆիզիկական տարածքում:
Ֆիզիկական տարածքում պահելը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Առաջ մեր տվյալները բազմաթիվ պահեստներում թղթապանակներով էին պահվում, հետագայում երբ համակարգչային տեխնոլոգիաները մեզ հասանելի դարձան սկսեցին համակարգիչների մեջ պահվել, բայց հետո այդ համակարգիչների կրիչ սարքերի թիվը սկսեց մեծանալ և դա կապված է մեծ ծախսերի հետ։ Հիմա վիրտուալ տարածքում առաջարկվում են տիրույթներ, որտեղ այդ տվյալները կարող են պահվել։ Իհարկե, այստեղ կան կիբերռիսկեր, բայց այսօր աշխարհն այդ ռիսկերը հասցեագրել է:
Այդ տվյալներն ամպային տիրույթում պահելով՝ մենք ավելի քիչ պետական միջոցներ կծախսենք, երկրորդը, այդ տեղեկությունների վնասվելու, կորելու հավանականությունը կնվազեցնենք»,- ասաց նա։