Հայաստանում պետք է լինի միայն ինտենսիվ գյուղատնտեսություն. Փաշինյանը մի դեպք պատմեց
Մենք ոչ թե առաջիկա շրջանում պետք է ասենք՝ գյուղատնտեսություն և ինտենսիվ գյուղատնտեսություն, այլ գյուղատնտեսություն ասելով պետք է հասկանանք միայն ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որովհետև պարզապես եկեք արձանագրենք, որ ոչ ինտենսիվ գյուղատնտեսությունը, չի համապատասխանում ոչ միայն վաղվան, այլև այսօր արդեն արդիական չէ։ Բայց ես ուզում եմ հաճույքով արձանագրել, որ սա էլ այն ոլորտներից է, որտեղ մեր ջանքերը, ի հեճուկս բոլոր կոռուպցիոն և մերձկոռուպցիոն սկանդալների, էլի տվել են արդյունքներ։
Ամենաթարմ օրինակը, նախորդ օրը մենք Արուճում մասնակցում էինք հոգևոր երաժշտության փառատոնի, որտեղ զուգահեռ արդեն երրորդ տարին փորձում ենք տոնավաճառի նման բան կազմակերպել։ Ես տաղավարներով անցնում էի և հերթական տաղավարին մոտեցա, այնտեղ մրգեր էին դրած, և իմ առաջին ռեակցիան այն էր, որ մտքումս ասեցի՝ այս ներմուծած մրգերը, ինչու են բերել, այստեղ շարել։ Բայց որպեսզի համոզվեմ, ես տաղավարի մոտ կանգնած մարդկանց ասեցի՝ սա ներմուծա՞ծ է, թե՞ Հայաստանի Հանրապետությունում է աճացրած։ Ես ճիշտն ասած մինչև հիմա էլ այդպես խորապես հավատացած չեմ, որ դա Հայաստանի Հանրապետությունում է աճեցրած, որովհետև ոչ միայն էդ մրգերի արտաքին տեսքը, այլև փաթեթավորումը, ներկայացումը և այլն, բան է, որ Հայաստանում ես այդպիսի բան չեմ տեսել, տեսել եմ միայն արտերկրում։
Սա մի օրինակ է, իհարկե համոզված եմ, որ էլի բազմաթիվ օրինակներ կան, և ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում աճում է շատ էական տեմպերով»,– ընդգծեց Փաշինյանը։


