ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 4,9 տոկոսով. նախարար

Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 4,9 տոկոսով. նախարար

Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին (հունվարից օգոստոս) Հայաստանում վարձու աշխատողների թիվն ավելացել է 4,9 տոկոսով, նույն չափով էլ նվազել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանձնաժողովներում ներկայացնելիս այս տվյալները հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ դրական զարգացումներ կան աշխատանքի շուկայում։ Նշված ժամանակահատվածի տվյալներով՝ միջին ամսական աշխատավարձն աճել է 6,6 տոկոսով։
 
«Պետական հատվածում աճել է 10, 1 տոկոսով, մասնավորում՝ 5,4 տոկոսով։ Իրական աշխատավարձը՝ 0,1 տոկոս գնանկման պայմաններում աճել է 6,7 տոկոսով»,- ներկայացրեց նախարարը։
Նրա տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը շարունակաբար նվազել է՝ 27 տոկոսից հասնելով 23,7 տոկոսի։
 
Հովհաննիսյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում մեր երկրում տնտեսական ակտիվության աճի տեմպը 9 տոկոս է, ինչը հիմնականում պայմանավորված է առևտրի, ծառայությունների, ինչպես նաև արդյունաբերության աճերով։ Ըստ նախարարի` շինարարության աճը ևս նպաստել է տնտեսական ակտիվությանը։
 
«Էական փոփոխություններ են տեղի ունեցել մեր տնտեսության մեջ, և մեր ու բազմաթիվ միջազգային գործընկերների գնահատմամբ՝ ՀՀ-ի ՀՆԱ-ի աճի պոտենցիալը բարձրացել է՝ միջինում 4,5-ից դառնալով 5,5 տոկոս»,- նշեց նախարարը։
Կանխատեսվում է, որ 2025թ․ կունենանք 5,6 տոկոս տնտեսական աճ (2026-2027թթ․ համար կանխատեսվում է միջինում 5,5 տոկոս), դեֆլյատորի աճը կլինի 3,5 տոկոս, և ՀՆԱ-ն (նոմինալ արժեքով) 11 տրիլիոն 50 միլիարդ դրամ։

  • Կիսվել: