կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստանում ազգային փոքրամասնություններին հատկացվող աջակցության չափը կավելանա շուրջ 25 տոկոսով

Հայաստանում ազգային փոքրամասնություններին հատկացվող աջակցության չափը կավելանա շուրջ 25 տոկոսով

Հայաստանի պետական բյուջեից հաջորդ տարի ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չափը կավելանա շուրջ 25 տոկոսով՝ կազմելով 25 մլն դրամ: 

Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների աջակցության ծրագիրը գտնվում է վարչապետի աշխատակազմում: Այս տարի Ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդում փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ղեկավար է նշանակվել աշխատակազմի ղեկավարը:

«Դա նշանակում է, որ կառավարությունն այս ուղղությանն էլ ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել: Եվ դա արտացոլվել է նաև բյուջեի վրա: Միջոցառման շրջանակներում այս տարի նախատեսված է եղել 20 մլն դրամ, մենք ավելացրել, դարձրել ենք 25 մլն դրամ, ավելացրել ենք շուրջ 25 տոկոսով»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ աճը շարունակական է լինելու ըստ նախանշվող ծրագրերի:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել 11 ազգային փոքրամասնության 15 հասարակական կազմակերպության՝ վերջիններիս կողմից խորհրդին ներկայացված ծրագրերի ֆինանսավորման հայտերի և համապատասխան հրամանի հիման վրա:

Նա տեղեկացրեց, որ 2024 թվականի նկատմամբ աճը պայմանավորված է կիրակնօրյա դպրոցների, ամառային ճամբարների կազմակերպմամբ, ամսաթերթերի հրատարակության, կայքերի հիմնման կամ զարգացման գործընթացով, ինչպես նաև աշակերտների՝ պատմամշակութային օջախներ այցերի կազմակերպմամբ:

Ըստ Հարությունյանի՝ Ազգային փոքրամասնությունների հարցով խորհուրդը կարևոր նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ: 

 

  • Կիսվել: