Հայաստանում 40 հազար բնակչություն ունեցող համայնքի բյուջեն կազմում է 2-3 մլրդ դրամ, իսկ խորհրդարանի բյուջեն՝ 6 մլրդ․ Յոլյան
Ձեր ձևավորած կառավարությունը չի կատարել իր խոստումը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 17-ին հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Իրինա Յոլյանը՝ խոսելով աշխատավարձերը բարձրացնելու խոստումը չկատարելու մասին։
Միևնույն ժամանակ նա հարցադրում է արել.
«Ինչո՞ւ վարսահարդարը, որը առավոտից երեկո ոտքի վրա աշխատում է, մեր երկրում պետք է բարձր հարկեր վճարի, իսկ ձեր սիրելի գործարարները, որոնք քաղաքական նպատակահարմարության շրջանակում ձեզ ցուցաբերում են այս կամ այն քաղաքական աջակցությունը, ազատվի միլիարդավոր դրամների վճարումից։ Սա անընդունելի է»։ Յոլյանը նշել է, որ 40 հազար բնակչություն ունեցող համայնքի բյուջեն կազմում է 2-3 միլիարդ դրամ, իսկ Ազգային ժողովի բյուջեն՝ 6 միլիարդ։ «Միայն վերջին երեք ամիսների ընթացքում պարգևավճարների չափը կազմել է 5 միլիարդ դրամ։ Իսկ մեր համայնքները, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերը, պետք է իրենց պահեն՝ ունենալով ընդամենը 1,5, 2 կամ 3 միլիարդ դրամ», - նշել է ընդդիմադիր պատգամավորը։



