ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հայաստանին 102 միլիոն եվրո վարկ կտրամադրվի

Հայաստանին 102 միլիոն եվրո վարկ կտրամադրվի

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գրել է.

«Այսօր ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր։ Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար:

Փոխնախարարի խոսքով ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Ծրագիրը գործելու է մինչեւ 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը»։

  • Կիսվել: