Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025-ին կկազմի 5,5 %․ ԵԱԶԲ կանխատեսումը
Հայաստանի ՀՆԱ աճը 2025 թվականին կկազմի 5,5 %. այս մասին ասվում է ԵԱԶԲ-ի 2025-2027 թվականների մակրոտնտեսական կանխատեսման մեջ, որը ներկայացվելէ Ալմաթիում՝ 2024 թվականի արդյունքների ամփոփման ժամանակ։
ԵԱԶԲ-ում ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ վերջին տարիների ռեկորդային ցուցանիշներից հետո (2022-2023թթ. տնտեսությունն միջին աճն արձանագրվել է 10,5%-ով) այն, ինչպես և սպասվում էր, աստիճանաբար մոտենում է հավասարակշռված տեմպերին: Տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժն են՝ առևտուրը, ծառայությունները և մշակող արդյունաբերությունը։
«Բյուջետային քաղաքականության խթանող ազդեցությունը և դրամավարկային պայմանների մեղմացումը 2025 թվականին կպահպանեն պահանջարկը: Տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա դեպի առևտրային գործընկեր երկրներ արտահանման ավելացումը: Տնտեսական աճի գործոններ կհանդիսանան պղնձի միջազգային գների ավելացումը, ինչպես նաև 2024 թվականի կրճատումից հետո դրամական փոխանցումների դրական դինամիկայի վերականգնումը», - ասվում է հաշվետվության մեջ։
ԵԱԶԲ-ում կարծում են, որ Հայաստանի Կենտրոնական բանկին հաջողվել է հասնել իր առջև դրված նպատակներին, և արդեն 2025 թվականի առաջին եռամսյակում գնաճը կվերադառնա 2,5-5,5 %-ի: 2025 թվականի վերջին այն կկազմի 3,1 %՝ 2024 թվականի 1,8 %-ից հետո:
Դրան կնպաստեն պարենամթերքի համաշխարհային գների աճի վերականգնումը, վերջին մեկուկես տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման ազդեցությունը և խթանող բյուջետային քաղաքականությունը։
2025 թվականին, փողի շուկայում տոկոսադրույքների նվազման և տնտեսության աճի տեմպերի դանդաղման ֆոնին, դրամի փոխարժեքը չափավոր՝ 2,6 %-ով կնվազի։