Հայաստանի արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի օրենսդրական նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի երկխոսություն
Հայաստանի արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի օրենսդրական նախագծի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ կողմերի երկխոսություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հունիսի 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող Հայաստանում թափոնների քաղաքականություն ծրագիրը (WPA), Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, կազմակերպել է շահագրգիռ կողմերի հանրային քննարկում՝ նվիրված Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրման օրենսդրական նախագծին։
Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, հանրային հաստատությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ։
ԱԸՊ համակարգի վերաբերյալ թարմացված օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հարթակում՝ հանրային քննարկումների ընթացիկ գործընթացի շրջանակում։
Առաջարկվող կարգավորման համաձայն՝ Հայաստանի շուկայում որոշակի ապրանքներ շրջանառության մեջ դնող արտադրողներն ու ներմուծողները պատասխանատվություն կկրեն իրենց արտադրանքից առաջացած հետսպառողական թափոնների հավաքման և վերամշակման համար։ Համակարգը հիմնված է արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքների և միջազգային լավագույն փորձի վրա և նպատակ ունի բարելավել թափոնների կառավարման համակարգը, ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները և աջակցել Հայաստանի անցմանը դեպի շրջանաձև տնտեսություն։
Քննարկման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է ԱԸՊ համակարգի օրենսդրական նախագիծը, որին հաջորդել են մասնակիցների առաջարկությունների հավաքագրումն ու քննարկումը։
WPA ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել օրենսդրության թարմացված նախագիծը և հանրային քննարկումների շրջանակում ապահովել կառուցողական երկխոսություն շահագրգիռ կողմերի հետ։
Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել և առաջարկություններ ներկայացնել օրենսդրական նախագծի վերաբերյալ՝ անդրադառնալով ինստիտուցիոնալ կառուցվածքին, ԱԸՊ համակարգի ներդրման մեխանիզմներին, հնարավոր ռիսկերին և լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հարցերի։
Հայաստանում թափոնների քաղաքականություն ծրագիրը քառամյա ծրագիր է, որն իրականացվում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից և ֆինանսավորվում է Շվեդիայի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Եվրոպական միության լավագույն փորձի հիման վրա արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի մշակման և ներդրման, կոշտ կենցաղային թափոնների աղբյուրում տեսակավորման ազգային մոդելի ձևավորման և ոլորտի կարողությունների զարգացման գործում։


