երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական  փաթեթով հնարավորություն կտրվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական կազմակերպություններին: Գործող օրենքով դա հնարավոր է անել միայն պետության կողմից: Օրինակ՝ մենք արդեն ունենք «Զինապահ» հիմնադրամը, որը պատրաստ է իր  վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ: Խոսքը 44-օրյա պատերազմի մասնակիցների` հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում: Մենք օրենքով չենք կարող դա անել և պետք է խնդրենք թույլ տալ, որպեսզի այդ հնարավորությունն ընձեռվի: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
 
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման  և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ:
 
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ներմուծել «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը: «Մենք արդեն պետական բյուջեի միջոցներով նման կենտրոն կառուցում ենք: Հուսով ենք այն, որպես օրինակ, կծառայի ապագայում ոչ միայն պետական բյուջեի հաշվին նմանատիպ կենտրոններ ունենալու համար: Քննարկվելու է նաև այս կենտրոնի շահագործման հնարավորությունը փոխանցել ոչ պետական կազմակերպություններին: Անհրաժեշտություն ունենք լիազորող նորմի, որպեսզի ամրագրենք կարգավորումներն «անկախ կյանքի կենտրոնի» գործունեության վերաբերյալ»,- նշել է Արսեն Թորոսյանը:
 
Օրենսդրական նախաձեռնությամբ «անձնական օգնականի» ծառայությունների մատուցման գործընթացում առաջարկվում է պայմանագիրը դարձնել եռակողմ:
 
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում և նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա, ըստ հիմնական զեկուցողի, նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի:
 
Արսեն Թորոսյանն առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով, մասնավորապես, «անկախ կյանքի կենտրոնի» մոդելին, գործունեությանը, միջազգային փորձին:
 
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 

  • Կիսվել: