Հարկային վարչարարություն անելիս մեր աչքերը փակ են. Բադասյանը՝ սոցապ նախարարի ընտանիքի ռեստորանում խախտումների մասին
Հարկային վարչարարություն անելիս մեր աչքերը փակ են, մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ սուբյեկտը ում հետ կապ ունի, ինչքանով կապ ունի, կապ ունի, թե չունի: Այդ մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ՊԵԿ-ը ստուգումներ է արել սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում, խախտումներ է արձանագրել, բայց որեւէ քայլ չի արվել:
Հարցին՝ իրենք չգիտե՞ն, թե ովքեր են այս կամ այն ընկերության սեփականատերերը, Բադասյանը պատսախանեց. «Իհարկե, գիտենք՝ այդ ընկերությունների տերերն ովքեր են, իրական շահառուների մասին ինֆորմացիա էլ ենք ունենաում, եթե դա մեզ հետաքրքիր է հարկային վարչարարության տեսանկյունից:
Մեր ռիսկերի համակարգը աշխատում է ալգորիթների հիման վրա: Մենք տալիս ենք ալգորիթմը, ինքն ընտրում է, թե որ ընկերությունները պետք է ստուգվեն:
Բացառված է, որ իրավախախտում հայտնաբերվի ու ոչ մի բան չարվի: Խնդրում եմ բանավոր կամ գրավոր ասեք այդ տնտեսվարողի անունը: Մենք էլ կփորձենք նույնականացնել, թե որ սուբյեկտն է, որ կարող է որեւէ կապ ունենալ կամ չունենալ ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ, եւ պարզաբանենք՝ արդյոք եղել է իրավախախտում, եւ եթե եղել է, պատասխանատվություն եղել է, թե ոչ»: