շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ընդունել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի համատեղ պատվիրակությանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ընդունել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի համատեղ պատվիրակությանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանում այցով գտնվող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամները։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
 
ՀԾԿՀ նախագահը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել և բարձր գնահատել բարեփոխումների հարցում Հայաստանին աջակցելու միջազգային գործընկերների պատրաստակամությունը:
 
Գործընկերներն ընդգծել են Հանձնաժողովի ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ ֆինանսական անկախության ապահովման անհրաժեշտությունը: Ընդգծելով հարցի կարևորությունը՝ գործընկերները հատկապես նշել են, որ Հանձնաժողովի անկախության ամրապնդման խնդիրն արտացոլված է նաև ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկայի զարգացման ծրագրում։
 
ԱԶԲ գործընկերները անդրադարձել են նաև պոտենցիալ հարկաբյուջետային մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ էլեկտրական ցանցին վերականգնվող էներգիայի նոր և աճող հզորությունների միացման հետ մեկտեղ: Երկուստեք մտքեր են փոխանակվել խնդրի հնարավոր լուծումների շուրջ:
 
Կողմերը քննարկել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հնարավոր համագործակցության ուղղությունները։

  • Կիսվել: