երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հանրային տրանսպորտի որակը մեր գերակայությունն է, նախկին վատ համակարգին վերադարձ չի լինի․ Երևանի քաղաքապետ

Հանրային տրանսպորտի որակը մեր գերակայությունն է, նախկին վատ համակարգին վերադարձ չի լինի․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքային իշխանությունների հիմնական նպատակն է ստեղծել ժամանակակից, հարմարավետ, բարձրորակ տրանսպորտային համակարգ։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մենք այլևս չենք ուզում վերադառնալ նախկին տրանսպորտային վատ համակարգին։ Մենք չենք ուզում մաշված և վատ շարժակազմեր ունենալ ապագայում։ Միակ խնդիրը, որ մենք լուծում ենք, հանրային տրանսպորտի որակի խնդիրն է»,- նշեց նա։ 

Քաղաքապետը նաև ընդգծեց, որ ցանկացած խոշորամասշտաբ բարեփոխում պահանջում է ժամանակ և ադապտացում, որպեսզի քաղաքացիները կարողանան լավ սովորել նոր համակարգին։ Անդրադառնալով նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշմանը, որի համաձայն՝ նոր ավտոբուսներից օգտվող քաղաքացիները պետք է վճարեն կա՛մ 100 դրամանոց մետաղադրամներով, կամ QR կոդերով՝ քաղաքապետը նշեց, որ աշխատանքները սկսվել են երկու ամիս շուտ, որպեսզի հնարավոր բոլոր խնդիրները կարողանան ի հայտ բերել և ժամանակին լուծել՝ հիշեցնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից ներդրվելու է միասնական տոմսային համակարգը։ 

«Մենք գերխնդիրն այն է, որ ամբողջովին նորացված համակարգ ստեղծենք, որը անփոխարինելի կլինի»,-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքացիներն այլևս չեն տեսնի հին «Գազել»-ները: 

Նա ընդունեց, որ բարեփոխումների ընթացքում հնարավոր են դժվարություններ, սակայն համոզված է, որ քաղաքացիների հետ միասին դրանք կհաղթահարեն։

 

  • Կիսվել: