չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղն է․ Կապանի քաղաքապետ

Հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղն է․ Կապանի քաղաքապետ

Հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղն է, իսկ Կապանի համար այն տեղական տնտեսության գերիշխող ճյուղ է։ Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն» («Mining Armenia Forum 2025») համաժողովի ժամանակ հայտարարել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք տեսնում այս առումով։ Այսօր մենք լեռնահանքային արդյունաբերության կազմակերպությունների հետ քննարկում ենք նրանց արտադրական հզորությունների մեծացման հարցը և դա ուղղակիորեն կապված է վստահության հետ։ Մենք հանքարդյունաբերության ոլորտում մեծ պատմական փորձ ունենք և ականատես ենք եղել թե՛ վստահության կորստին, թե՛ դրա վերականգնմանը, ինչպես նաև այդ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը։ Վստահության հիմքը տվյալ կազմակերպության պատասխանատու աշխատանքն է։ Բարեբախտաբար, ԶՊՄԿ-ի հետ մենք աշխատում ենք վստահության մթնոլորտում և վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են։

«Եթե մասնավոր հատվածի և համայնքի հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա, ապա հանքարդյունաբերությունը տալիս է դրական արդյունքներ և դրական ազդեցություն է ունենում համայնքի կյանքի, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտի վրա»,- հավելել է Փարսյանը։

Նա հայտարարել է, որ Արծվանիկի պոչամբարի նախագծի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 6-ին։ Նա նշել է, որ ներկայացվել է ընդլայնման ծրագիր, որը ներառում է համայնքի կողմից բարձրացված խնդիրների բոլոր անհրաժեշտ լուծումները։

«Համայնքը բարձրացրել է պոչամբարի շահագործման անվտանգության, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծման և ֆինանսապես արտահայտված սոցիալական պատասխանատվության հարցերը։ Այս ամենը ֆիքսված է թե՛ նախագծում, թե՛ զեկույցում։ Այս համակարգային մոտեցումը կիրառվում է ոչ միայն ԶՊՄԿ-ի, այլև Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի նկատմամբ»,- եզրափակել է Փարսյանը։

  • Կիսվել: