ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին:

Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ Առողջապահության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 11-ի նիստում  քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Ծրագիրը գործելու է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

Նշվել է, որ վարկը հիմնականում  օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով:

102,000,000 եվրո վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:

Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչև 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրինագծին:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: