ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԲՏԱ նախարարության ծախսերը 2025-ի բյուջեով կկազմեն 47,5 միլիարդ դրամ. Վահե Հովհաննիսյան

ԲՏԱ նախարարության ծախսերը 2025-ի բյուջեով կկազմեն 47,5 միլիարդ դրամ. Վահե Հովհաննիսյան

Սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ, որոնք 13.9 տոկոսով կգերազանցեն 2024 թվականին պետական բյուջեով սահմանված սոցիալական պաշտպանության ծախսերը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի օրենքի  նախագծի քննարկումների ժամանակ: 

«Այստեղ թեև մենք ունենք աճ, բայց սա բազային ցուցանիշների աճի հետևանքով է: Այստեղ որևէ էական  քաղաքականության փոփոխություն տեղի չի ունենում»,- հայտնեց Հովհաննիսյանը: 

Արդյունքում՝ սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 8.2 տոկոսը և ավել կլինեն 0.6 տոկոսով: 

Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 300 մլրդ դրամ, դրանք 4.5 տոկոսով կգերազանցեն 2024-ի պետական բյուջեով սահմանված կրթության ծախսերը՝ կազմելով ՀՆԱ-ի 2.7 տոկոսը:

ՇՄ նախարարության ծախսերը կկազմեն 13.5 մլրդ դրամ, որը 37.6 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՇՄՆ ծախսերը: 

«Սա պայմանավորված է էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ»,- տեղեկացրեց նախարարը: 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը 2025 թվականի բյուջեով կկազմեն 47,5 միլիարդ դրամ։  

«Սա 89 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված ծախսերը: Սա հիմնականում պայմանավորված է աջակցության այն փաթեթով, որը նախորդ շաբաթ Կառավարության նիստով առիթ ունեցանք հաստատելու և ուղարկելու Ազգային ժողով»,- ասաց Հովհաննիսյանը։ 

 

 

  • Կիսվել: