«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսուչներն այսօր «Գումի» շուկայում որևէ արտառոց, նոր բան չեն արել։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Նախորդ տարվա դեկտեմբերին օրենքով հաստատվել է, որ ՍԱՏՄ–ն ոչ սպանդանոցային ծագման միսը կարող է առգրավվել և ոչնչացնել, իսկ այս տարվա աշնանը հաստատվել է դրա իրականացման կարգը։
«Այսօր որևէ արտառոց, նոր բան մեր կողմից չի արվել, որովհետև մենք հերթական ստուգման ենք գնացել։ Միակ տարբերությունն այն է եղել, որ մենք հիմնականում ստուգման ենք գնում աշխատանքային ժամերին։ Այսօր 9–ից շուտ ենք գնացել, որ հասկանանք, թե Խորենացի շուկայում (Գումի շուկա) միսը որտեղից է բերվում, ինչ ձևով։ Եթե տեսնեիք, թե միսն ինչ մեքենաներով և ոնց են բերում այդ շուկա, արդեն զզվելի է։ Մենք ամեն օր այդ բողոքը ստանում ենք քաղաքացիներից։ Մենք չենք կարող 200-300 իրացման կետի, տնտեսվարողի օգուտը վերադասել մարդկանց առողջությունից»,–ասաց Հարությունյանը։