երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն:

Նման համոզմունք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: 

Փաշինյանը խոսեց այն մասին, թե ինչու է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը գնալով մեծանում:

«Մենք, որպես կանոն, նախագիծն ընկալում ենք ռեգիոնալ տրամաբանության մեջ, բայց գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով խնդիրներ են առաջացել ապրանքների և ուղևորների հոսքի տեսակետից: Փաշինյանը հիշեցրեց՝ արդյունաբերական գերզարգացած շրջաններից մեծ հոսքեր են ուղղված եղել Եվրոպա, ընդ որում՝ այդ հոսքերի մեծ մասը Ռուսաստանով ընթացել է դեպի Արևմուտք: 

«Ռուսաստան-Արևմուտք սահմանի անցանելիությունն էականորն նվազել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, սանկցիաների և քաղաքական հարաբերությունների բարդացման պատճառներով:  Եվ մենք տեսնում ենք, որ խնդիր է առաջանում հարյուրավոր միլիարդ դոլարների ապրանքների հոսքի ճանապարհին: Սա է պատճառը, որ հարյուրավոր միլիարդների ապրանքներ այժմ նոր ուղիներ են փնտրում դեպի ամենամեծ շուկաներ հոսելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ապրանքների շարժը միակողմանի չէ, ինչպես արևելքից դեպի արևմուտք, այնպես էլ արևմուտքից դեպի արևելք է: Հիմա հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքներ ճանապարհ են փնտրում դեպի արևմուտք:

«Ահա սա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ռեգիոնալ իմաստից ավելի ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,–ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանեց, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը

«Տարածաշրջանում Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում անշարժ վիճակ է, սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքն ապահովելու գործին: Եվ ահա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստն այն է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա այդ տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով: Ընդ որում, այստեղ ամենևին երկրորդական նշանակություն չունեն Կենտրոնական Ասիայի երկրների կարիքները՝ ներմուծման և արտահանման առումով: Հիմնական գաղափարն այն է, որ Հայաստանը և՛ արևելքից դեպի արևմուտք, և՛ արևմուտքից դեպի արևելք, և՛ հարավից դեպի հյուսիս, և՛ հյուսիսից դեպի հարավ այդ ապրանքների  և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները»,-ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: