երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լարսում իրավիճակը լավանում է. Ձյունը մաքրել, ճանապարհի եզրերին էին լցրել, ճանապարհը նեղացել էր. Պապոյան

Լարսում իրավիճակը լավանում է. Ձյունը մաքրել, ճանապարհի եզրերին էին լցրել, ճանապարհը նեղացել էր. Պապոյան

Լարսի հետ կապված իրավիճակը գնալով լավանում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Եթե մոտավորապես 4200 մեքենա կար 3-4 օր առաջ այնտեղ, որից 1000-1200-ն էր հայկական մեքենա, հիմա՝ երեկվա դրությամբ, այնտեղ հայկական մեքենաների թիվն իջել-հասել է մոտ 700-800-ի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ սա և՛ գնացողներին, և՛ եկողներին է վերաբերում:

Պապոյանը նաև նշեց՝ խնդիրը, այնուամենայնիվ, խրթին է, որովհետև կարող է երեկոյան ձյուն գալ, և 700 մեքենան 1 օրում դառնա 1500 մեքենա:

Նախարարը տեղեկացրեց՝ Լարսի խցանումների մասով խոսել է պատասխանատուների հետ, խնդիրը նաև տեխնիկական է եղել: «Ձյունը եկել էր, մաքրել էին և ձյունը ճանապարհի եզրերին էին լցրել: Եթե այն ժամանակ 3-4 մեքենա էր անցնում, հիմա՝ 1-2, այսինքն՝ նեղացել էր ճանապարհը»,- ասաց նա:

Հարցին՝ հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված, Պապոյանը պատասխանեց՝ գործոնները բազմաթիվ են, որոնք ազդում են հեղուկ գազի գնի աճի վրա՝ տրանսպորտի լոգիստիկ խնդիր, այլ տեղում գների փոփոխություն և այլն:

  • Կիսվել: