ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կասֆալտապատվի  1015 գծամետր երկարությամբ փողոց

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կասֆալտապատվի 1015 գծամետր երկարությամբ փողոց

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի 2-րդ փողոցը 1015 գծամետր երկարությամբ:

Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 76 միլիոն 466 հազար դրամ, որից 45 տոկոսը կամ 34 միլիոն 409 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ կամ 42 միլիոն 56 հազար դրամը՝ Գեղամավանի համայնքապետարանը:

Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի հավաստմամբ՝ 2-րդ փողոցի ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի 6870 քառակուսի մետր: «Փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1700 գծամետր, որից 1015-ը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով: Այս փողոցն ասֆալտապատվել էր ԽՍՀՄ տարիներին, սակայն տասնամյակների ընթացքում քայքայվել ու դարձել էր անբարեկարգ և դժվարանցանելի: Երկու տարի առաջ այն հիմնանորոգեցինք ասֆալտի երկրորդային հումքով, սակայն ժամանակի ընթացքում կրկին քանդվեց ճանապարհը, դրա համար էլ նպատակահարմար գտանք՝ ներկայացնել կապիտալ նորոգման ծրագիր, ինչը և հաստատեց կառավարությունը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարենք առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

 

  • Կիսվել: