երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Գավառում վեճի ժամանակ դանակահարել են 20–ամյա երիտասարդին. Նրան անգիտակից վիճակում հասցրել են հիվանդանոց

Գավառում վեճի ժամանակ դանակահարել են 20–ամյա երիտասարդին. Նրան անգիտակից վիճակում հասցրել են հիվանդանոց

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Գավառի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ժամը 21:54-ին անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գավառի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ։

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Գավառի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցում բուժօգնության տեղափոխված երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 21-ամյա և 28-ամյա համաքաղաքացիների հետ, որի ընթացքում 28-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 20-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեկտեմբերի 12-ին 28-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին նա ներկայացել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, ապա ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։

Նույն օրը դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: