ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայի դեսպանը Կոտայքի մարզպետից հետաքրքրվել է մարզի ունեցած պոտենցիալով

Ֆրանսիայի դեսպանը Կոտայքի մարզպետից հետաքրքրվել է մարզի ունեցած պոտենցիալով

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Ողջունելով դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին Կոտայքի մարզ կատարած այցի համար՝ մարզպետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը և շնորհակալություն հայտնել Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցության և վերաբերմունքի համար:

Զրուցակիցները խոսել են մարզի զարգացման ներկա վիճակից, անդրադարձել զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, ինչպես նաև տնտեսական ոլորտներին:

Տիկին դեսպանը խոսել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի մասին, որը կկայանա Լիոնում։

Դեսպանը հետաքրքրվել է մարզի ունեցած պոտենցիալից և հայտնել, որ պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք էլ ավելի կամրապնդեն հայ-ֆրանսիական հարաբերությունները և տարբեր ուղղություններով նոր համագործակցությունների հիմք կդառնան:

Մարզպետը դեսպանի և դեսպանության պատվիրակության հետ նաև այցելել է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց, որտեղ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցում է իրականացվում:

Հյուրերը դպրոցում ներկա են գտնվել ֆրանսերենի յուրօրինակ միջոցառման. աշակերտներն առիթ են ունեցել շփվելու դեսպանի հետ նաև ֆրանսերենով:

  • Կիսվել: