շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՏՀ Կոլեգիան սակագնային քվոտաներ է սահմանել Հայաստան մսի և շիճուկի որոշ տեսակների ներմուծման համար

ԵՏՀ Կոլեգիան սակագնային քվոտաներ է սահմանել Հայաստան մսի և շիճուկի որոշ տեսակների ներմուծման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել 2024 թ․-ին մսամթերքի որոշ տեսակների և կաթնային շիճուկի նկատմամբ սակագնային քվոտաների սահմանման և բաշխման մասին։ Այս մասին ասված է ԵԱՏՄ հաղորդագրության մեջ։

«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ ԵՏՀ-ն սահմանում է սակագնային քվոտաներ երրորդ երկրներից ծագող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների որոշակի կատեգորիաների համար՝ հաշվի առնելով անդամ երկրներում դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռը, ինչպես նաև երկրների պարտավորությունները Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդեպ»,- հիշեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Նատալյա Սամոյլովան։

Ըստ կանխատեսման՝ ընթացիկ տարում արտադրության և արտադրանքի սպառման ծավալների միջև բացասական տարբերություն է սպասվում հետևյալ չափով՝ խոշոր եղջերավոր անասունի մսի համար՝ 204,5 հազ․ տ, խոզի մսի համար՝ 60 հազ․ տ, թռչնամսի համար՝ 210,8 հազ․ տ և կաթնային շիճուկի համար՝ 10,35 հազ. տ։

Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար 2024 թվականի սակագնային քվոտաները սահմանվում են ԱՀԿ-ին պետությունների միանալու մասին արձանագրություններում ամրագրված չափերով։ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար սակագնային քվոտաները որոշվում են սպառման և արտադրության տարբերության շրջանակներում՝ հաշվի առնելով կողմերի պահանջած ծավալները։

Այսպիսով, խոշոր եղջերավոր անասունների մսի համար քվոտաները կկազմեն 9 հազ․տ Հայաստանի Հանրապետության համար, 21 հազ․ տ Ղազախստանի Հանրապետության համար, 5 հազ․ տ Ղրղզստանի Հանրապետության և 57 հազ․ տոննա Ռուսաստանի Դաշնության համար։ Խոզի մսի համար քվոտաները կբաշխվեն հետևյալ ծավալներով՝ 12 հազ․ տ Հայաստանի Հանրապետության, 20 հազ․ տ Բելառուսի Հանրապետության և 2 հազ․ տ Ղրղզստանի համար։

Թռչնի մսի և ենթամթերքի քվոտաները Հայաստանի Հանրապետության համար կկազմեն 39,1 հազ․ տ, Բելառուսի Հանրապետության համար՝ 10,9 հազ․ տ, Ղազախստանի Հանրապետության համար՝ 140 հազ․ տ, Ղրղզստանի համար՝ 58 հազ․ տ, և 364 հազ․ տ Ռուսաստանի Դաշնության համար։

Կաթնային շիճուկի ներմուծման քվոտան սահմանվել է Հայաստանի Հանրապետության համար՝ 1,2 հազ․տ և Ռուսաստանի Դաշնության համար՝ 15 հազ. տ։

 

  • Կիսվել: