երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եթե պարզվի՝ անարդար ավելի լումա ենք վերցրել որևէ մեկից, հետ կվերադարձնենք. Փաշինյան

Եթե պարզվի՝ անարդար ավելի լումա ենք վերցրել որևէ մեկից, հետ կվերադարձնենք. Փաշինյան

Նախ՝ 2024 թվականին պակասուրդ չկա, և՝ «2024-ի պակասուրդ լրացնել» հասկացություն գոյություն չունի: Որովհետև, եթե որևէ մեկը փաստ ունենար, որ պետությունը 2024 թվականին որևէ ծրագիր չի կատարել, կարելի էր մտածել, բայց նման բան չկա: Բնականաբար, չկա նաև ձեր ասածի շարունակությունը: Ես, ընդհանրապես, հրապարակային այդ թեմային բազմիցս անդրադառնում եմ: Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հետևյալ հարցին. «Մի շարք կազմակերպություններ, տնտեսագետներ հայտարարում են, որ ՊԵԿ նախագահի առաջ պայման է դրված՝ ապահովելու ոչ միայն 2025 թվականի հարկային մուտքերը, այլև՝ փակելու 2024 թվականի՝ 224 միլիարդ դրամի պակասուրդը, և, որ հիմա հարկային ծառայությունն անցել է հարկային տեռորի»:  

Փաշինյանն ավելացրել է. «Իմ հանձնարարականը ներպետական մարմիններին՝ հետևյալն է՝ ես, ասում եմ, որ ՀՀ որևէ հարկ վճարող չպետք է հիմք ունենա՝ ասելու, որ կառավարությունը կամ հարկային մարմիններն իրենցից գանձել են թեկուզ՝ մի լումա ավելի գումար, քան՝ պետք է վերցներ՝ օրենքով նախատեսված կարգով: Եվ, սա շատ հստակ է: Երկրորդ, բայց շարունակությունն էլ կա՝ ես ասում եմ, որ Հայաստանում չպետք է լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխամիզմ և պրակտիկա: 

Վարչապետի խոսքով՝ կան տնտեսավարողներ, ովքեր դիմել են, և ասում են, որ իրենց կարծիքով այս սկզբունքը խախտվում է:

«Ես մի քանի նամակներ ստանալուց հետո, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանձնարարել եմ, որպեսզի, և հրավիրեն նամակի հեղինակ- տնտեսավարողներին, և մեր մարմիններին, որպեսզի գործընկերային, բարեկամական մթնոլորտում՝ ոչ ՊԵԿ-ում, հասկանանք՝ իրոք կա՞ն անարդարություններ, իրոք, մենք, ինչ-որ մի բան սխա՞լ ենք անում մեր տնտեսավարողների նկատմամբ, իհարկե՝ չուզենալով, որովհետև, մենք դա չենք ուզում, որովհետև, մենք, ահռելի հարգանք և պատկառանք ունենք մեր բոլոր հարկ վճարողների նկատմամբ: Ես առիթը բաց չեմ թողնում նրանց շնորհակալություն հայտնել՝ աշխատելու, արդյունք ստեղծելու և օրենքով սահմանված հարկերը վճարելու համար»,-ավելացրել է Փաշինյանը:

«Բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի՝ անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, այդ գումարները վերադարձնելու ձևերը կգտնենք: Դա դեմ է մեր ընկալմանը, աշխարհայացքին, գաղափարախոսությանը»,- ասել է վարչապետը:

  • Կիսվել: