Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու. Փաշինյան
Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի, մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50,000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27,000-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես արձանագրեցի, որ եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»,-նշեց նա:


