ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե 1 մլն դոլար ինձ տաք մի տարով, դրանից հաստատ 100 հազար դոլար կաշխատեմ․ Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին

Եթե 1 մլն դոլար ինձ տաք մի տարով, դրանից հաստատ 100 հազար դոլար կաշխատեմ․ Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով խոսքն ընդհանրապես հարկերն հետաձգելու մասին չէ, առավել ևս խոսքը հարկեր չվճարելու մասին չէ, խոսքն այս կամ այն ձևով հաշվանցումներ կատարելու սկզբունքի մասին է: Այս մասին այսօր ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե երբ կառավարությունն առաջարկում է հետաձգել բնապահպանական հարկը՝ հաշվարկե՞լ է, թե ինչ գումարի մասն է խոսքը: «Սա կարևոր է, որպեսզի հասկանանք՝ թե ինչպես դա կազդի մեր հարկային եկամուտների վրա»:

Պողոսյանն ասաց, որ երկու սկզբունք կա, առաջինը՝ ըստ վճարման, որը  նշանակում է՝ քանի դեռ մատակարարին չես վճարել՝ նրա կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթի վրա հաշվանցումներ չես կարող իրականացնել: «Երկորդը՝ ըստ հաշվեգրման: ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով մուտքերն անհամեմատ ավելի շատ են, չնայած դրան՝ մենք այդ փոփոխությունները նշված հարկատեսակների համար կատարել ենք (խմբ. երբ հաշվանցումները կատարվում են միայն հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ առանց վճարման հանգամանքը հաշվի առնելու): Հիմա ի՞նչ բացատրություն ունի բնապահպանական հարկի համար նույն մոտեցումը չկիրառելը: Ինչ վերաբերում է ազդեցությանը՝ այն 0 է, չեզոք: Այսինքն, ազդեցությունը միայն ժամանակային է: Օրենքի ընդունումից հետո, երբ այն ուժի մեջ մտնի 2022 թ-ի հուլիսի 1-ից, այն ընդամենը մեկանգամյա ազդեցություն է ունենալու: Այսինքն, այսօրվա հարկը վճարվելու է 1 հաշվետու ժամանակաշրջան հետո, բայց նույն չափով, այսինքն որևէ դրամով որևէ հարկ չի պակասում»:   

Բագրատյանն արձագանքեց, թե նախարարի տեղակալը լավ գիտի, թե ինչ է նշանակում հարկը հետաձգել, դա նշանակում է շրջանառու միջոց թողնել գործարարի մոտ, որը շատ կարևոր է: «Այսինքն, այդ մարդը չի գնալու վարկ վերցնի, չի դժվարանալու: Եթե ինձ տաք 1 մլն դոլար և ես 1 տարի հետո ձեզ վճարեմ՝ ես հաստատ այդ 1 մլն դոլարից 100 հազար դոլար կաշխատեմ: Դուք էդ հնարավորությունը տալիս եք գործարարին՝ լավ եք անում, բայց հաշվարկե՞լ եք դրա նշանակությունը, ինչպես կարող է մեկ տարի մարդու մոտ գումար մնալ ու դա 0 նշանակություն ունենա:  Եթե ասում եք՝ ակցիզային հարկերն ու ԱԱՀ-ն անում եք՝ սա էլ արեք, ես էլ ասում եմ, դե բոլորն արեք, նաև գույքահարկը, հողի հարկը, շահութահարկը, եկեք բոլոր հարկերն էլ հետաձգենք»:

Պողոսյանը նշեց, որ խոսքը ոչ թե հարկի վճարման մասին է, այլ հարկի հաշվանցման մասին է, այսինքն մատակարարի կողմից նախագծի հիման վրա հաշվանցումների: «Ասում եք՝ եկեք բոլոր հարկատեսակների համար անենք, բայց եթե դուք բացի այս 3 հարկատեսակներից գտնեք ևս մեկ հարկատեսակ, որի գծով հաշվանցման համակարգ կա՝ ես խոստանում եմ, որ մենք կնախաձեռնենք նման գործընթաց: Բայց իրականում՝ չկա, այսինքն, հաշվանցումների համակարգ նախատեսվում է միայն այս 3 հարկատեսակների համար»:    

  • Կիսվել: