կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ես լավ եմ գնահատում Գրիգոր Մինասյանի աշխատանքը, իմ գործընկերները կարող են դժգոհել, այդ թվում՝ ինձնից. Պապոյան

Ես լավ եմ գնահատում Գրիգոր Մինասյանի աշխատանքը, իմ գործընկերները կարող են դժգոհել, այդ թվում՝ ինձնից. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլից  է տեղեկացել, որ ՔՊ-ականները ստորագրահավաք են անցկացնում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար: Այս մասին նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես լավ եմ գնահատում նրա աշխատանքը, որևէ դժգոհություն չունեմ: Ձեզ համար գուցե տարօրինակ է, բայց մեզ մոտ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, արժեքների առումով խոսքի, կարծիքի ազատություն է: Մարդիկ կարող են արտահայտվել, դժգոհ լինել այդ թվում նաև ինձնից, իմ գործընկերներից, դա շատ նորմալ բան է»,- ասաց նա:

Հարցին՝ ՔՊ նիստին դժգոհել են Մինասյանի կադրային քաղաքականությունից, թիմում խի՞ստ են դատում նրա կադրային քաղաքականությունը, Պապոյանն արձագանքեց. «Հարգելի՛ գործընկերներ, տարբեր քննարկումներ լինում են, դա անձի, նախարարության վերաբերյալ չի եղել: Մենք միշտ ինքնաքնադատությամբ ենք հանդես գալիս, և եթե ասում ենք՝ այսինչ բանը պետք է այսուհետ ավելի լավ անենք, ինձ թվում է՝ դա ուժեղացնում է մեզ, ոչ թե թուլացնում է: Դա որևէ անձի կամ օղակի դեմ չէ, դա կառավարության գործունեության բարելավմանն է ուղղված»:

Իսկ արդյոք պետք է շարունակի պաշտոնավարել Գրիգոր Մինասյանը, հարցին էլ, Պապոյանն արձգանքեց. «Այդպիսի որոշումները կայացնում է ՀՀ վարչապետը, և ես ճիշտ չեմ համարում այդպիսի գնահատական տալ»:

  • Կիսվել: