Ես համաձայն չեմ, որ հարկային բեռը շատ է և հնարավոր չէ մաքուր դաշտում գործել. Բադասյան
Տնտեսության որոշ ոլորտներ կան, որոնք ավանդաբար աչքի են ընկել մեծ ստվերայնությամբ եւ հիմա շատ դժվար են դուրս գալիս ստվերից: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են տնտեսվարողները խուսափում հարկեր վճարելուց:
Դիտարկմանը, որ շատ տնտեսվարողների դժգոհում են, որ օրինական դաշտում աշխատելու դեպքում, բոլոր հարկերը վճարելու դեպքում իրենց շահույթ չի մնա, Բադասյանն ասաց. «Այդպես ցանկացած բան կարող ենք հիմնավորել, բայց ես համաձայն չեմ, որ Հայաստանում հարկային բեռը շատ է, ես համաձայն չեմ, որ հնարավոր չէ մաքուր դաշտում գործել: պարզապես կան տնտեսվարողների, որ չեն վստահում իրենց մրցակիցներին, մտածում են, որ եթե իրենք հարկային դաշտ մտնեն, մնացածը չեն անցնելու եւ իրենց բիզնեսը տուժելու է: Դրա համար կարեւոր է, որ մենք վարչարարությունը ճիշտ ուղղություններով տանենք եւ հավասարաչափ գործենք շուկայի բոլոր մասնակիցների նկատմամբ: Հենց այդպես էլ վարվում ենք թե բենզինի, թե գազի, թե այլ շուկաներում»:
ՀՀ ՊԵԿ նախագահի խոսքով՝ արվում են այնպիսի ծրագրեր, որոնք խրախուսում են հարկ վճարել։
«Օրինակ՝ պարզեցնում ենք մաքսային օրենսդրությունը, ընթացակարգերը, օրինապահ հարկ վճարողների համար առաջացնում ենք ավելի արտահերթ սպասարկման հնարավորություններ, էլեկտրոնային հարթակների թիվն ենք ավելացնում, մաքսային մարմնին-հարկ վճարող կապն ենք կրճատում։
Մենք 2017-ից այս տարվա արդյունքներով արդեն կարձանագրենք, որ պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են, դեռ մի բան էլ ավել: Եվ ես չեմ հիշում որևէ հարկային բեռ, որ մենք ավելացրել ենք: հետեւաբար դա եղել է տնտեսական աճի և ստվերի կրճատման արդյունքում», - ասաց նա։
Նա նաև անդրադարձավ նախագծին, որով հարկ չվճարելը քրեականացվելու է․ «Շատ կարևոր է, որ հարկերից խուսափելը քրեականացված է։ Մենք խոսում ենք խրախուսական նորմերի սահմանափակման մասին, և մենք բիզնեսի հետ հանդիպման արդյուքններով համատեղ աշխատանքային խումբ ենք ձևավորել։ Ես բիզնեսի ներկայացուցիչներին ասել եմ, որ քանի դեռ ՊԵԿ հասարակական խորհրդի ներկա անդամների մեծամասնությունը կողմ չլինի, մենք այդ նախագիծն առաջ չենք տանելու։ Հիմա մենք լրամշակում ենք նախագիծը, որը ևս մեկ անգամ կներկայացվի ՊԵԿ հասարակական խորհդրի քննարկմանը»։