հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ես չէի չափազանցնում՝ մեր մեծ խնդիրը լինելու է ապրանքների մատակարարման պայմանագրերն ապահովելը. Փաշինյան

Ես չէի չափազանցնում՝ մեր մեծ խնդիրը լինելու է ապրանքների մատակարարման պայմանագրերն ապահովելը. Փաշինյան

Սա մեզ համար դիվերսիֆիկացիայի լավ հնարավորություն է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայկական արտադրանքի ՌԴ ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու նպատակով տրամադրվող ԵՄ օգնությանը:

«Եվ, իհարկե, շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին այդքան արագ արձագանքի համար. այդ թվում՝ ֆինանսական աջակցության»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ամեն օր աշխատանք է տեղի ունենում, և իրադարձություններ են տեղի ունենում:

Վարչապետի խոսքով՝ արտահանման նոր ուղղություններ կան:

«Կառավարության նիստին էկոնոմիկայի նախարարը նշեց արդեն՝ երկրների թիվն արդեն տասնյակից անցնում է, որտեղ մենք արտահանումներ իրականացնում ենք: Ընդ որում՝ նրանց մեծ մասը նախկինում զրո արտահանում է ունեցել: Հիմա մենք ոչ միայն ունենք խմբաքանակներ, այլև պայմանագրեր՝ մեծ և երկարաժամկետ խմբաքանակների համար:

Ես ամենևին չէի չափազանցնում, երբ ասում էի՝ մեր մեծ խնդիրը լինելու է պայմանագրերն ապահովելը, որպեսզի ապրանքները մենք կարողանանք պայմանագրերին համապատասխան մատակարարել: Որովհետև այն շուկաները, որոնք բացվել են հիմա, իրենց ակնկալիքը և պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մենք նախորդ շրջանում կարողացել ենք ընդհանրապես մատակարարումներ անել, և մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն, որպեսզի երկարաժամկետ կարողանան ոչ միայն կարճաժամկետ խնդիր լուծել, այլև երկարաժամկետում իրենց ներկայությունն ապահովել այդ շուկաներում»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: