երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևանում խնդիրները գնալով շատանալու են, որովհետև բնակչությունն աճում է. արդեն 1,2 մլն մարդ կա. Ավինյան

Երևանում խնդիրները գնալով շատանալու են, որովհետև բնակչությունն աճում է. արդեն 1,2 մլն մարդ կա. Ավինյան

Այո, Երևանում խնդիրները շատ են և գնալով շատանալու են, որովհետև քաղաքի բնակչությունն աճում է։ Արդեն 1 մլն 200 հազար մարդ կա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ քաղաքի բնակչության աճի հետ կապված կան բազմաթիվ պրոցեսներ:

Նա կոչ արեց նայել, թե ինչ է արել քաղաքապետարանն այդ հարցերը լուծելու համար. «Երևանում այս տարի 38 ֆուտբոլային դաշտ է կառուցել Երևանի քաղաքապետարանը, և տարեցտարի դրանց քանակն ավելացնում ենք։ Երևանում ե՞րբ եք տեսել այս ծավալի բակային աշխատանքներ։ 134 բակում հիմնանորոգում ենք անում, իսկ եթե հաշվի առնենք նաև վերանորոգվող բակերը, 200-ից ավել է լինում։ Այս ծավալի աշխատանք չի արվել, և այս ծավալի մեջ կարող են լինել խնդիրներ»,-ասաց նա:

Ավինյանը նաև նկատեց. «Մենք չենք ասում, որ անսխալական ենք ու ամեն ինչ 100% ճիշտ ենք անում։ Բայց այն պնդումը, թե իրականում չի արվում կամ թերանում ենք ու ուշադրություն չենք դարձնում թերություններին, իրականությանը չի համապատասխանում»։

Քաղաքապետը նաև վստահեցրեց, որ ընդունում է խելամիտ քննադատությունը, սակայն կոչ արեց վերհիշել, թե Մերգելյանի այգին կամ Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածներ ինչ տեսք են ունեցել և հիմա ինչ են դարձել. «Ես հրավիրում եմ բոլորիդ այգիներից մեկի՝ հենց նույն՝ Մերգելյանի բացմանը, այնտեղ հատուկ ստենդ կդնենք, թե ինչ է եղել այդ այգին նախկինում ու ինչ է դարձել։ Խնդրեմ, կգաք այդտեղ, կխոսենք»։

 

  • Կիսվել: