ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանի քաղաքապետարանը կարևորում է 2024-ին 171 ավտոբուսի և 15 էլեկտրական տրոլեյբուսի ձեռքբերումը

Երևանի քաղաքապետարանը կարևորում է 2024-ին 171 ավտոբուսի և 15 էլեկտրական տրոլեյբուսի ձեռքբերումը

Քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է նախորդ տարի 171 ավտոբուսի և 15 էլեկտրական տրոլեյբուսի ձեռքբերումն ու շարժակազմում դրանց գործարկումը։

 Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը, խոսելով կատարված աշխատանքի մասին,  շեշտեց՝ երկրորդ տրոլեյբուսային երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն։  

«Պատրաստվել է 2025 թվականից միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը։ Հիմնական ծավալով աշխատանքներն ավարտվել են։ Բարելավումներն ու արդիականացումը շարունակական են։ Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսի ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը, այժմ ֆինանսավորման և ՀՀ կառավարության հետ բանակցությունների գործընթացքում ենք»,-ասաց նա ու հավելեց՝ բարելավել են երթևեկության կարգավորման ենթակառուցվածքները։ 

Անդրադառնալով շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում կատարված աշխատանքներին՝ Անետա Բաբայանն ասաց, որ իրականացվել են 50 կմ ճանապարհների վերանորոգում, հետիոտնային տարածքների բարելավում, 123 բակային տարածքի վերանորոգում ու բարելավում, բազմաբնակարան շենքերում վերելակների փոխարինման ծրագիր, որն ընթանում է ու շարունակական բնույթ է կրում, խելացի լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ և Երևանի գլխավոր հատակագծի հաստատումը ավագանու կողմից։

 

  • Կիսվել: