հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ու Երևան տոնավաճառի նոր մասնաշենքի գործարկման արդյունքում բացվել է 500 նոր աշխատատեղ

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ու Երևան տոնավաճառի նոր մասնաշենքի գործարկման արդյունքում բացվել է 500 նոր աշխատատեղ

Երևան տոնավաճառի նորաբաց երկրորդ մասնաշենքում մարտի 25-ին ազդարարվեց միջազգային ստանդարտներին համապատասխան Երևանի ոսկերչական ֆաբրիկայի բացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնավաճառի նոր մասնաշենքի, ինչպես նաև  Երևանի ոսկերչական ֆաբրիկայի գործարկման արդյունքում ավելի քան 500 նոր աշխատատեղ է ստեղծվել:

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի համահիմնադիր Հրաչ Ավագյանը էկոնոմիկայի զարգացումն անհնարին համարեց առանց նորագույն տեխնոլոգիաների: «Այս ֆաբրիկայում ներդրված են վերջին սերնդի բոլոր մեքենասարքավորումները, ամենանորագույն տեխնոլոգիաները»,-ասաց նա:

Անդրադառնալով Երևան տոնավաճառի երկրորդ մասնաշենքի բացմանը, «Սիլ կապիտալ» ՍՊԸ  խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է դարձել թիմային աշխատանքի արդյունքում: «Երևան տոնավաճառի նոր մասնաշենքը 16 հազար քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Մենք սրանից հետո շատ նոր նախաձեռնություններով պետք է հանդես գանք»,-ասաց նա:

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ուրախությամբ փաստեց, որ  արտաքին շուկաներում գրանցած հաջողություններից հետո Սերգեյ և Հրաչ Ավագյաները նման մեծ ներդրում են անում հայրենիքում: «Նրանց և Սուքիասյանների ընտանիքի այս համատեղ նախաձեռնությունը, վստահ եմ, շատ կարճ ժամանակահատվածում էականորեն կավելացնի պատրաստի ոսկերչական իրերի արտահանման ծավալները  տեղական շուկայում և էապես կնվազեցնի ներմուծված ապրանքի մասնաբաժինը»,-ասաց նախարարը, հավելելով, որ գործարանում առկա են տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաներ, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր:

«Ոսկերչությունն ինչպես գիտեք կառավարության գերակա ոլորտներից մեկն է և անցած տարվա զգալի աճը երկար ճանապարհի սկիզբն էր միայն: Մենք պլանավորում ենք ոլորտին լայնամասշտաբ օժանդակություն ցուցաբերել , որպեսզի մեր երկրին վերադարձնենք ոսկերչական խոշոր արտադրողի երբեմնի համբավը»,-նշեց նա:

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի գործունեության հիմնական ոլորտներն են ոսկու զտումը, գալվանական լուծույթների արտադրությունն ու ոսկուց և արծաթից  իրերի արտադրությունը: Գործարանը հնարավորություն ունի ամսական զտել ավելի քան 300 կգ մաքուր 999 հարգի ոսկու ձուլակտոր: Գալվանական լուծույթների արտադրամաս չկա ո′չ Հայաստանում, և ո′չ էլ տարածաշրջանում:

Գործունեության առաջին տարում ֆաբրիկայում նախատեսվում է արտադրել 15.000.000 գրամ ոսկերչական իր:

  • Կիսվել: