Երևանի ավագանին 87 քաղաքացու համար անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանեց
Երևանի ավագանու կողմից 87 քաղաքացու համար սահմանվել են անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ։
Համապատասխան որոշման նախագիծը քննարկման ներկայացվեց Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում։
Որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն հետևյալ քաղաքացիների խմբերի համար՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ, Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը և (կամ) փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք:
Նրանք կազատվեն Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից, որը կազմում է 4 միլիոն 670 հազար 287 ՀՀ դրամի։ Անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն վճարումները կկատարվեն համայնքի բյուջեից: