Էլեկտրոնային առևտրի օպերատորները ՊԵԿ-ին կիսամյակային հաշվետվություններ կներկայացնեն. նախագիծ
Հայաստանում նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության ձևը, ինչպես նաև այն Պետական եկամուտների կոմիտեին ներկայացնելու կարգը, ժամկետը և պարբերականությունը։ ՊԵԿ-ի մշակած կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծի համաձայն՝ էլեկտրոնային առևտրի օպերատորները հաշվետվությունները ՊԵԿ-ին կներկայացնեն կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Հաշվետվությունները կներկայացվեն մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Մինչև համակարգում անհրաժեշտ փոփոխությունների գործարկումը դրանք կարող են ներկայացվել էլեկտրոնային այլ եղանակով, իսկ անհաղթահարելի ուժի հետևանքով համակարգի խափանման դեպքում՝ թղթային տարբերակով։
Համակարգի աշխատանքի վերականգնումից հետո օպերատորը երկու աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր կլինի ՊԵԿ-ին ներկայացնել թղթային եղանակով հանձնված հաշվետվության էլեկտրոնային օրինակը։
Օպերատորները պետք է առանձնացված հաշվառում վարեն ժամանակավոր պահպանության հանձնված, ինչպես նաև «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ։
Հաշվետվության մեջ կներառվեն հաշվետու ժամանակաշրջանի սկզբում և վերջում պահեստում առկա ապրանքների անվանումները, քանակը և արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը։
Պետք է ներկայացվեն նաև հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում օպերատորի տարածքից դուրս բերված, ֆիզիկական անձանց մատակարարված կամ պահեստ վերադարձված ապրանքների վերաբերյալ տվյալներ։
Հաշվետվության մեջ սխալ հայտնաբերելու դեպքում օպերատորը կներկայացնի ճշգրտված հաշվետվություն՝ լրացնելով միայն փոփոխության ենթակա բաժինները։
ՊԵԿ-ը մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտության դեպքում կարող է հաշվետվություն պահանջել նաև սահմանված կիսամյակային պարբերականությունից անկախ։ Նման դեպքում հարցման մեջ պետք է նշվի այն ժամանակահատվածը, որի վերաբերյալ անհրաժեշտ է տեղեկատվություն տրամադրել։
Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը կամ թերի ներկայացնելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում և Հայաստանի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով։
Որոշումն ուժի մեջ կմտնի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում 2026 թվականի մարտի 4-ին կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրվանից։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը։



