ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ձվի շուկայում որևէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում․ Գևորգյան

Ձվի շուկայում որևէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում․ Գևորգյան

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որևէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի հարցին:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով հավկիթի շուկայում տիրող իրավիճակին, ասաց, որ ինքը ահազանգեր է ստացել: ««Շիրակ» թռչնաֆաբրիկան, իհարկե արտաքուստ շատ լավ բան է արել, իջեցրել է ձվի գինը, և հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները: Ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավերն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ: Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորո՞ւմ է, երբ որ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են»,-ասաց պատգամավորը:

Թովմասյանը հավելեց՝ «Աշտարակ» ընկերությունը դիմել է ՄՊՀ-ին այդ հարցով, որ հանձնաժողովը վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է: «Ու մինչև դուք ուսումնասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում»,-նշեց պատգամավորը:

Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան նույնիսկ մոտ էլ չէ 10 տոկոսի շեմին: «Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաև ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է,  առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-ասաց Գևորգյանը:

  • Կիսվել: