շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ձուկ արտահանող տնտեսվարողները  Վերին Լարսի անցակետում արհեստական խոչընդոտների են բախվում․ «Ժողովուրդ»

Ձուկ արտահանող տնտեսվարողները Վերին Լարսի անցակետում արհեստական խոչընդոտների են բախվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ձուկ արտահանող տնտեսվարողները հայտնվել են վատ վիճակում: Պարզվում է՝ տեւական ժամանակ է, ինչ նրանք չեն կարողանում ձուկ արտահանել:

«Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. «Օրինակ՝ մեր մեքենան գնացել է, 20 օր հետո է տեղ հասել, որ ձկան ժամկետը 16 օր է… Ճիշտ է, ձուկը չի փչացել, բայց 15-րդ օրը ստիպված խորը սառեցրել ենք, բայց ձուկը Հայաստանից գնացել է թարմ վիճակում: Կրել ենք ֆինանսական վնասներ, այդ ձուկը վաճառել ենք նախատեսվածից 50 տոկոս ցածր»: Վարորդների պատմելով՝ ռուսական կողմը հենց իմանում է, որ բեռը հայկական է, արհեստական խոչընդոտներ է ստեղծում, իսկ վրացական, ռուսական մեքենաները արագ են անցնում:

Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ այս խնդիրը կա, հիմա էլ չեն կարողանում կենդանի ձուկ արտահանել: Ձկնաբույծի խոսքով՝ պետական կառույցները տեղյակ են խնդրին, բայց ոչինչ չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրքրվեց, թե ինչ է անում հարցի լուծման ուղղությամբ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ամեն օր էլ արտահանվում է: Հիմա արդեն արագ անցնում են»:

Ձկնաբույծները հակառակն են պնդում՝ նշելով, որ թարմ ձուկը հետ է բերվում, կա՛մ սառեցվում է, կա՛մ էլ էժան գնով վաճառվում է: Ի դեպ, շատերը ձկներով բեռնված մեքենաներով շրջում են գյուղերով եւ կիլոգրամը 1200-1300 դրամով փորձում վաճառել՝ այդպես կրելով մեծ վնասներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: