երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Ձախողելու ենք համապարփակ առողջապահության ապահովագրման ծրագիրը, հասանք 2025թ., ոչ մի բան չենք արել. Սերգեյ Բագրատյան

Ձախողելու ենք համապարփակ առողջապահության ապահովագրման ծրագիրը, հասանք 2025թ., ոչ մի բան չենք արել. Սերգեյ Բագրատյան

Մենք որպես քաղաքական թիմ ծրագրել ենք, որ համապարփակ առողջապահության ապահովագրությունը պետք է ներդրված լինի մինչեւ 2027 թվականը: Այս մասին, այսօր ԱԺ հանձնաժողովներում 2025-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Մենք 2023-ին ասացինք, որ կներդնենք, հետո 2024-ին, հիմա 2025-ն , չենք անում այդ ուղղությամբ քայլեր: Մենք խնդիր կունենանք ձախողելու այդ ծրագիրը, եւ քաղաքացիների առաջ պատասխանատվության խնդիր կառաջանա»,-ասաց նա՝ առաջարկելով 2025-ին մեկնարկել ծրագրի գոնե առաջին փուլը:

«Մենք նախատեսել ենք մինչեւ 2027-ը 100 տոկոսով ապահովագրել, բայց գոնե 50 տոկոս կարողանանք այդ ապահովագրությունը ծածկել, որ վարկանիշի առումով մենք խնդիր չունենանք»,- ընդգծեց Բագրատյանը:

Ֆինանսների նախարար վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Իհարկե, լավ կլիներ, որ ամեն ինչ լիներ, բայց ինչպես գիտեք, բյուջեի փաստաթուղթը շատ բարդ պրոցես է, որտեղ հաշվի են առնվում հազարավոր հանգամանքներ, թե ֆիաինսական, թե քաղաքական արդյունքների, պարտքի, դրա սպասարկման վերաբերյալ: Վերջում այդ ամենի համադրմամբ ստանում ենք մի փաստաթուղթ, որը համարում ենք հնարավորինս բալանսավորված:

Այս պահին բալանսային կետը կանգնել է այս կետի վրա: Երբ բալանսը փոխվի, դա էլ կփոխվի: Քանի որ պահուստային բավականին մեծ ֆոնդ ենք ունենալու, եւ երբ կառավարությունն զգա, որ եկել է դա անելու, դա տեղի կունենա: Չմոռանանք, որ 2025-ի բյուջեով մենք արդեն իսկ բավականին բարձր դեֆիցիտի մակարդակ ենք պլանավորել՝ 5,5 տոկոս:

Մենք այնքան ենք ծախսերը նվազեցրել, որ անդրադարձել ենք մեր աշխատավարձերին: Հիմա այս լույսի ներքո պետք է նայենք այս հարցերին: Չեմ ուզում տպավորություն լինի, որ կառավարությունում որեւէ մեկը դեմ է Հայաստանում համապարփակ առողջապահության ապահովագրություն լինի»:

Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը:

Նշվել էր նաև, թե 2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից, իսկ 2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ծածկույթ՝ ՀՀ ողջ բնակչության համար։

  • Կիսվել: