ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲԿԳ նպատակներից է ձևավորել քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների նոր ինստիտուտ

ԲԿԳ նպատակներից է ձևավորել քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների նոր ինստիտուտ

 Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) ընդլայնված աշխատանքային խմբի հանդիպմանը ներկայացվեց «Բաց կառավարման գործընկերություն, Հայաստան» հինգերորդ գործողությունների ծրագրի մշակման արդյունքները:

Հանդիպմանը մասնակցում էին  ԲԿԳ վաշինգտոնյան գրասենյակի պատվիրակությունը, որը գլխավորում է տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուն,  պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության, և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 

Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ Հայաստանյան նախաձեռնության համակարգող Լիլիա Աֆրիկյանը նշեց, որ Հայաստանը հանդիսանում է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության անդամ 2011 թվականից։

« Ասեմ, որ այսօր հավաքվել են ներկայացնելու «Բաց կառավարման գործընկերություն Հայաստան» հինգերորդ գործողությունների ծրագրի մշակման արդյունքները: Ծրագիրը դեռևս չի հաստատվել, բայց այն բավականին երկար գործընթաց էր, որը մեկնարկել ենք նոյեմբերից, և այսօր հրավիրել ենք մեր պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության, և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ովքեր ժամանել են Հայաստան՝ հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնելու գլոբալ տենդեցները»,-ասաց Լիլիա Աֆրիկյանը:

Նա նշեց, որ Բաց կառավարման գործընկերությունը միջկառավարական նախաձեռնություն է, որը մեկնարկել է 8 կառավարությունների կողմից՝ մասնավորապես ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Մեքսիկա, Ֆիլիպիներ և Հարավային Աֆրիկա: Որի նպատակն էր կառավարման համակարգը դարձնել բաց, թափանցիկ,  հաշվետու, և որ ամենակարևորն է՝ մասնակցային և նորարար:

«Մենք 10 տարի է ինչ անդամակցում ենք այս նախաձեռնությանը և վստահաբար կարող եմ ասել, որ որպես մասնակցային գործիք այն ունի հստակ մեխանիզմներ և նպատակներ, ինչի համար այսօր կառավարությունները մտածում են, թե ինչպե՞ս կարելի է այն ընդլայնել՝ ոչ միայն բաց կառավարման գործընկերության ծրագրի մշակման և իրականացման համար, այլև առհասարակ կառավարության մնացած բոլոր բարեփոխումների դեպքում կիրառելու համար:  Քանի որ կառավարությունները ունեն պարտավորություններ քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել որոշումների կայացման հարցում, բայց որպես այդպիսին մեխանիզմներ, որոնք փորձարկված են և կիրառված են չկան, հետևաբար, այսօր մեզ համար մեծ նպատակներից մեկին է, այս մեթոդը կիրառել մյուս ոլորտներում և ձևավորել քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների նոր ինստիտուտ: Քանի որ ցանկացած բարեփոխում միայն կառավարությունների անելիքը չէ, այն պահանջում է լրացուցիչ աջակցություն ինչը կարող են տալ ուժեղ և կայացած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները»,-ասաց նախաձեռնության համակարգողը:

ԲԿԳ Հայաստանյան նախաձեռնության համակարգող Լիլիա Աֆրիկյանը նշեց, որ գործընկերության շրջանակներում իրականացրած ծրագրերից հանրության համար շատ հայտնի է «e-draft» իրավական ակտերի հարթակը,  Ավագանու նիստերի հեռարձակում, ինչպես նաև այս պահին ունեն առաջարկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի շրջանակի և ենթակա անձանց շրջանակի որոնման համար մատչելի  և բաց տվյալների համակարգ ձևավորելու, որի շուրջ այժմ  կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ քայլեր են ձեռնարկում:

«Ունենք հանրային ֆինասների թափանցիկության հանձնառություններ, մասնավորապես, օրինակ՝ պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհները պարտադիր մրցութային կարգով են դարձել, ինչը նախկինում այդպես չէր: Նշեմ, որ այս առաջարկները եկել են քաղաքացիական հասարակության գործընկերներից և քննարկումների արդյունքում կառավարությունը որոշել է ստանձնել դրանք»,- անփոփեց նա:    

Նշենք նաև, որ մայիսի 17-21-ը հայտարարված է «Բաց կառավարման շաբաթ»‎ մասնակից 78 երկրներում և 56 տեղական ինքնակառավարման մարմիններում։

  • Կիսվել: