երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱԺ-ում քննարկվել է արդյունավետ հարկային վարչարարությանն ուղղված նախագիծ

ԱԺ-ում քննարկվել է արդյունավետ հարկային վարչարարությանն ուղղված նախագիծ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը՝ իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարություն: Ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նախագծով առաջարկվում է նաև կարգավորել ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը: Դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով:

«Նախատեսվում է հստակեցնել ընտրված ապրանքների գծով չափագրման ուսումնասիրության շրջանակում գույքագրում իրականացնելու դրույթը: Ընդ որում` նախագծի կարգավորումներով հստակ սահմանվում է, որ հարկային մարմինն իրավունք ունի նման գործողություն իրականացնել այն հարկ վճարողների մոտ, որոնց ձեռքբերման կամ իրացման շեմը տարվա ընթացքում գերազանցում է 24 մլն դրամը»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Օրենսդրությամբ հստակեցվում է չփաստաթղթավորված ապրանքներ հայտնաբերելու պատասխանատվությունը: Մասնավորապես, սահմանվում է, որ շրջանառվող հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի փաստը չհայտնաբերվելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ նրանցից կգանձվի ապրանքների ձեռբերման գնի 20 տոկոսի չափով տուգանք:

Ըստ Կարեն Թամազյանի` պատասխանատվություն կսահմանվի այն դեպքերի համար, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կհայտնաբերվեն այնպիսի դեպքեր, երբ գույքը հանձնվում է վարձակալության կամ պետական գրանցում չի ստացել այդ վաձակալության գործարքը կամ նախապես հարկային մարմին հայտարարություն չի ներկայացվել ֆիզիկական անձի կողմից վարձակալության գործարքի առկայության վերաբերյալ:

Սահմանվում է նաև, որ ապահովագրական գործակալները և ապահովագրական բրոքերները հատուկ հարկման, մասնավորապես, շրջանառության համակարգում չեն գործելու:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի` ո՞րն է պարտադիր փաստաթղթավորման պահանջում փոփոխություն կատարելու նպատակը հարցին ի պատասխան` ՊԵԿ նախագահի տեղակալն ասել է. «Փոփոխություն կատարելու հիմքը հավասարության ապահովումն է»:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: