հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այս փուլում մեր դիրքորոշումը պետք է լինի հնարավորինս աջակցելը մեր միջազգային գործընկերներին․ Ղազարյան

Այս փուլում մեր դիրքորոշումը պետք է լինի հնարավորինս աջակցելը մեր միջազգային գործընկերներին․ Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի նիստում քննարկվել են աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված առկա տնտեսական մարտահրավերները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը։

Կորոնավիրուսային համավարակի, 44-օրյա պատերազմի հետևանքներին գումարվել են նաև միջազգային թատերաբեմում ընթացող ռազմական գործողություններով թելադրված նոր հիմնախնդիրները, տնտեսվարողների առջև ծառացած աննախադեպ իրողությունները։

«Մեր խնդիրն է ժամանակին և ճիշտ գնահատել ստեղծված կացությունը, հաշվարկել միտումներն ու փորձել լուծումներ գտնել առաջացած հիմնահարցերի համար, նաև՝ արդյունավետ օգտագործել ընձեռված նոր հնարավորությունները»,- նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Խորհրդի անդամները, վերլուծելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր զարգացումները, ըստ ոլորտների նշել են այն ազդեցություններն ու ակնկալվող միտումները, որոնք կարող են արձանագրվել, առաջարկեցին համապատասխան լուծումներ ու կարգավորումներ։

Մասնավորապես, մտահոգություններ են արտահայտվել պարենային ապահովվածության, գյուղատնտեսության, գինեգործության ոլորտների մարտահրավերների, լոգիստիկ ու բեռնափոխադրումների խնդիրների, ֆինանսաբանկային համակարգի գործունեության, տեխնոլոգիական հագեցվածության, սպառման շուկաներում ստեղծված բարդությունների առնչությամբ։

Անդրադարձ է եղել նաև առկա իրողություններով պայմանավորված հանրապետության տնտեսության զարգացման համար ստեղծված նոր ազդակներին, դրանք ճիշտ ուղղորդելուն և առավել արդյունավետություն ապահովելուն միտված քայլերին։ Նշվել է, որ կարճ ժամանակահատվածում զգալի թվով գործարարներ ու որակյալ մասնագետներ են ժամանել Հայաստան, ինչը դրական խթան կհանդիսանա երկրի տնտեսության համար։

Զուգահեռաբար, սակայն, առաջացել են վերջիններիս գրասենյակային տարածքներով ու կեցավայրերով ապահովման, տեղի համակարգին ինտեգրման խնդիրներ։ Նշվել է, որ անհրաժեշտություն կա քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման առումով, տնտեսության ոլորտում հնարավոր դրական միտումների ամրապնդման նպատակով։

«Բոլոր դեպքերում այս փուլում մեր դիրքորոշումը պետք է լինի ոչ թե առավելագույն օգուտներ քաղելը, այլ հնարավորինս մեր միջազգային գործընկերներին աջակցելը», - նշել է Արսեն Ղազարյանը։

Նիստում անդրադարձ է եղել այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնց շուրջ Միության անդամներն իրենց կարծիքներն են ներկայացրել ու քննարկումներ են անցկացնում դրանք առաջարկած գերատեսչությունների հետ։

Ընդգծվել է, որ այս ձևաչափով աշխատանքը պետք է հետևողական ու շարունակական լինի։ ՀԱԳՄ նախագահը կարևորեց Միության փորձագիտական կարողությունների համախմբումը, ոլորտային վերլուծական խմբերի ստեղծումը, ինչն իր հերթին հնարավորություն կտա հիմնավոր հարցադրումներ ու լուծումներ առաջարկել պետական պատկան մարմիններին։ Նրա բնորոշմամբ՝ այժմ արագ և ակտիվ գործելու ժամանակն է։

  • Կիսվել: